Կքննարկվի «Երևան» հիմնադրամի լուծարումը

Կրթության և գիտության նախարար, Երևանի ավագանու նախկին անդամ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Երևանի ավագանին իր առաջիկա նիստում քննարկելու է «Երևան» հիմնադրամը լուծարելու հարցը։

Սա մի հիմնադրամ էր, որ տարիներ շարունակ մեծ գումարներ էր ստանում Երևանի քաղաքային բյուջեից և գործում ոչ թափանցիկ։ 2016-ին, օրինակ, «Երևան» հիմնադրամը քաղաքապետարանից ստացել էր 1,3 միլիարդ դրամ, ևս 340 միլիոն դրամ հիմնադրամը ստացել է անհատ անձանցից ու կազմակերպություններից։ Նույն տարում «Երևան» հիմնադրամը 555 միլիոն դրամ էր փոխանցել մեկ այլ հիմնադրամի՝ «Փյունիկ»-ին, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը Լևոն Սարգսյանն է՝ Սերժ Սարգսյանի եղբայրը։

«Երևան» հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, գրանցված է Երևանի քաղաքապետարանի հասցեում ու աչքի է ընկնում ոչ թափանցիկ գործունեությամբ։

Այս տարվա մարտին Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամներ Արայիկ Հարությունյանն ու Լենա Նազարյանը դիմել էին դատարան՝ պարտավորեցնելու «Երևան» հիմնադրամին իրենց տրամադրել 100 000 դրամից ավելի նվիրատվություն կատարած անձանց ցանկը։


Նրանք կասկած էին հայտնել, որ հիմնադրամի գործունեությունը կոռուպցիոն շղթայի մաս է։ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը հերյուրանք էր որակել նման կասկածները։ Մինչ դատական գործընթաց էր ծավալվում հիմնադրամի նվիրատուների ցանկը ԵԼՔ-ին տրամադրելու համար, քաղաքապետարանը, ըստ Արայիկ Հարությունյանի, նիստի օրակարգում ցանկանում է ընդգրկել հիմնադրամը լուծարելու հարցը։

«Բայց դե հիմնադրամ փակելով՝ հետքերը դժվար է մաքրել։ Դատարանին կմիջնորդենք կասեցնել լուծարումը մինչև անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրվի»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել