Ինքնուրույնության հնարավորություն

Գարունն իր հետ բերում է ոչ միայն ծաղիկներ, այլ նաև քաղաքից փախչելու և արշավ գնալու ցանկություն: Վերջերս բոլորին պատմում էի արշավներից, որոնց պարբերաբար գնում էի դեռ սկաուտ էի: Այո, ես իսկապես շատ եմ սիրում խոսել ինձնից և ինձ համար հետաքրքիր փաստ պարզեցի, որի հետևանքով էլ ակամա որոշեցի հոդվածիս թեման. հաշմանդամությանս պատճառով ծանոթներս զարմանում են, որ սկաուտ եմ եղել և չեմ վախեցել ինքնուրույն արշավների մասնակցելուց:

Մեզնից յուրաքանչյուրը կյանքի որոշակի փուլում բախվում է ինքնուրույն դառնալու խնդրին: Սա հաճախ այնքան էլ հեշտ չի տրվում, քանի որ լինել ինքնուրույն նշանակում է ձեռք բերել կյանքի միանգամայն նոր որակ և ռիթմ: Իսկ սա, իր հերթին առաջացնում է թե՛ դրական, թե՛ բացասական հետևանքներ, որոնց համար այլևս միայն ինքդ ես պատասխանատու:

Մինչ այդ ես կարծում էի, որ ինքնուրույնություն ձեռք բերելու հեշտ կամ դժվար լինելը որևէ առնչություն չունի ո՛չ տարիքի, ո՛չ սեռի և ո՛չ էլ ֆիզիկական տվյալների հետ, քանի որ սա հոգեբանական գործընթաց է: Հիմա էլ կարծիքս չեմ փոխել, բայց կարծում եմ, որ նույնիսկ այս դեպքում ինքնուրույնության ճանապարհին ընկած ֆիզիկական և հոգեբանական գործընթացները փոխկապակցված են, սակայն միևնույն ժամանակ հոգեբանական ազդեցությունը շատ ավելի մեծ է: Այս եզրակացությանը եկել եմ սեփական փորձից ելնելով:

Մինչև 7 տարեկան դառնալն ընդհանրապես չեմ կարողացել քայլել: Տեղաշարժվել եմ բացառապես անվասայլակի միջոցով, բայց նույնիսկ այդ ժամանակ ես լիովին ինտեգրված եմ եղել իմ հասակակիցների շրջանում: Ընկերներիս հետ մասնակցել եմ բոլոր բակային խաղերին և երեխաներին հետաքրքրող ակտուալ իրադարձություններին: Այս փաստի համար, պետք է շնորհակալ լինեմ ծնողներիս, ովքեր ի սկզբանե ինձ մոտեցել են հավասարը հավասարի՝ անկախ տարիքից և ֆիզիկական տվյալներից: Ես միշտ զգացել եմ ընտանիքիս վստահությունը իմ նկատմամբ, ինչն էլ խթանել է պատասխանատվության զգացման ձևավորումը:

Նրանք միշտ վստահ են եղել, որ ցանկացած իրավիճակում ես կկարողանամ ինձ հնարավորինս արագ կողմնորոշվել և պատահականություն է, թե՝ ոչ, բայց բարեբախտաբար հենց այդպես էլ եղել է:

Կարծում եմ, որ ընտանիքի անդամների խնամքի ճիշտ չափաբաժինն այն կարևոր կետերից է, որն օգնում է երեխայի՝ հետագայում որպես անհատի կայացմանը:

Վիրահատությունից հետո սկսեցի օգտվել հենակներից, սկսեցի հաճախել դպրոց, ինչն ինձ համար ասոցացվում է գիտակցված ինքնուրույնության ճանապարհի մեկնարկի հետ: Այն վստահությունը և հավատը, որը ծնողներս ունեին իմ հանդեպ, ակամայից փոխանցվել էր ինձ, այն դեպքում երբ ես նույնիսկ չէի հասկանում վստահություն բառի նշանակությունը:

Հետևաբար ինքնուրույնության իմ գաղտնիքը ինքնավստահությունն է և հավատը ինքս իմ հանդեպ: Ինքնավստահություն ձեռք բերելու ճանապարհին շատ կարևոր հանգամանքներ են նաև ինքնաճանաչողությունը և գիտակցված ապրելը: Ինչպես նշել եմ կարծրատիպերի մասին հոդվածումս, հաշմանդամություն ունեցող մարդիկ շատ լավ գիտեն իրենց հնարավորությունների սահմանները, այսինքն՝ մեզնից յուրաքանչյուրն անընդհատ շարունակում է ճանաչել իր մարմինն ու այն հնարավորությունները, որոնք մեզ տրված են: Սահմանները պարզելուց հետո ցանկացած իրավիճակում, մենք գիտակցված ընտրություն ենք կատարում՝ հիմնվելով մեր կարողությունների վրա: Իրականում այս ամենը նման է խաղի, որը երբեք չի կորցնում իր հետաքրքրությունը:

Վերադառնալով պատմությանս՝ ասեմ, որ արդեն իսկ ունենալով ինքնուրույնության փոքրիկ մասնաբաժին, ես կատարեցի հաջորդ նշանակալից քայլն իմ դեռահաս կյանքում և դարձա սկաուտ: Արշավների ընթացքում բոլորին հավասար վերաբերմունք ստանալը, ինքս իմ մասին հոգ տանելն ինձ պատրաստեց անկախ կյանքին, ինչի համար շատ շնորհակալ եմ խմբապետիս:

Դպրոցն ավարելտուց անմիջապես հետո, մասնակցեցի մի շարք ծրագրերի, ներգրավվեցի թիմային աշխատանքներում, սկսեցի աշխատել, վաստակել իմ սեփական գումարը, ինչն իր հերթին փոքրիկ հաղթանակ էր կայացմանս ճանապարհին:

Հետագայում հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ աշխատանքիս պատճառով որոշեցի ծնողներիցս անկախ ապրել: Ես և ընկերուհիս, ով նույնպես հենաշարժողական խնդիրներ ունի, սկսեցինք բնակվել միասին: Սա իմ հաջորդ մեծ փորձառությունն էր: Ստացվում է, որ ես ոչ միայն անկախացել էի ծնողներիցս, այն նաև՝ խնամում էի հաշմանդամություն ունեցող ընկերուհուս: Մեր համատեղ կյանքի շնորհիվ ինձ նոր կողմից բացահայտեցի: Ընկերուհուս օրինակն ինձ համար հայելային ազդեցություն ունեցավ. նրան նայելով տեսնում էի ինքս ինձ և այն խնդիրները, որոնք իմը կլինեին, եթե վիրահատված չլինեի: Բացի դրանից, ծանոթացա այն խնդիրներին, որոնց մինչ այդ չէի բախվել, քանի որ քայլում եմ. օրինակ՝ պարզեցի, որ կենցաղային տեխնիկան ընդհանրապես հարմար չէ անվասայլակից օգտվող մարդկանց համար: Տարօրինակ է, բայց եթե ես ունեմ որևէ խնդիր, վերջինիս վերաբերվում եմ շատ ավելի թեթև և վստահ եմ, որ ի վերջո կհաղթահարեմ: Բայց, երբ խոսքն ընկերուհուս էր վերաբերում, շատ ավելի մեծ կարևորություն էի տալիս ցանկացած խնդրի, որին նա բախվում էր:

Իմ անձնական պատմությունից կարող եմ ենթադրել, որ անկախ հաշմանդամություն ունենալուց, ինքնուրույն դառնալու ճանապարհն ուղղակիորեն կապված է կյանքում փորձառություն ձեռք բերելու հետ: Ոչ մի դեպքում չպետք է վախենալ ինչ-որ նոր բան փորձելուց, թեկուզ պարզապես հետաքրքրասիրությունից դրդված, քանի որ միայն այդպես կարող ես ճանաչել ինքդ քեզ:

Մեկնաբանել