14-ամյա Հայկի որոնումները շարունակվում են

14-ամյա Հայկի որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։ ՍիվիլՆեթի հետ զրույցում Հայկի եղբայրը՝ Գոռ Հարությունյանը, նշեց, որ ներկայում փոքրաթիվ ուժերով աշխատանքներ են իրականացնում Մասիս քաղաքում։

14-ամյա Հայկ Հարությունյանը հունիսի 8-ի երեկոյան Արարատի մարզի Այնթափ գյուղում գտնվող իրենց տնից դուրս է եկել և չի վերադարձել։ Տղան աուտիզմ ունի և չի խոսում։ Վերջին օրերին տղայի որոնողական աշխատանքներին միացել են կամավորների մեծաթիվ խմբեր, որոնք օր ու գիշեր փնտրում են նրան։

«Այս պահին կապի մեջ ենք ոստիկանության և արտակարգ իրավիճակների նախարարության հետ և աշխատանքները համակարգված իրականացվում են»,- ասաց Գոռը։

ՍիվիլՆեթը զրուցեց կամավորական խմբերի համակարգող Արուսիկ Մկրտչյանի հետ, որը որոնողական աշխատանքներին միացել է երեխայի անհետանալուց երեք օր հետո։ Նա նշեց, որ ներկայում կամավորների կողմից որոնողական աշխատանքները կանգնեցվել են և կսկսվեն Հայկի գտնվելու վայրի մասին առաջին հավաստի տեղեկությունը ստանալուց հետո, քանի որ վերջին օրերին շատ հակասական տեղեկատվություն են ստացել։

Արուսիկի խոսքով՝ ի սկզբանե Հայկի անհետանալու մի քանի վարկածներ են շրջանառվել, որոնք հետագայում բացառվել են։

«Մնացել է մի տարբեակ՝ երեխան փախել է։ Ոչ ոք չի գողացել, դժբախտ պատահար չի եղել, քանի որ երեխային տեսնողներ են եղել։ Առաջինը ֆիքսել է իրենց գյուղում գտնվող «Ինեսա» սուպերմարկետի տեսախցիկը, հետո նաև տան ճանապարհին տեսնողներ են եղել»,- ասաց Մկրտչյանը՝ հավելելով, որ մեկ օր հետո տեղեկատվություն է եղել, որ երեխային տեսել են Արագած-Ծաղկունք գյուղերի հատվածում։

«Բայց այս պահին կասկածներ բոլորն էլ ունեն, քանի որ երեխայի արտաքինը շատ տարբերվող չէ․ հիմա բոլորն էլ շորտ են հագնում, մազերը կարճ են, և Հայկին կարելի է շփոթել ցանկացած երեխայի հետ»,- նշում է Մկրտչյանը։

Ակտիվ որոնողական աշխատանքները սկսվել են Հայկի կորելուց երեք օր հետո։ Չորրորդ օրը կամավորներից մեկը հայտարարել է, որ տեսել է երեխային Լեռնամերձ գյուղի հանքի մոտ։ Արուսիկի խոսքով՝ բոլոր այդ տարածքները սանրվել են կամավորների կողմից, օգտագործվել են դրոններ, կվադրացիկլներով շրջել են, սակայն ապարդյուն։

«Հինգերորդ օրը եղան մի քանի զանգեր Էջմիածնի տարբեր գյուղերից՝ Չարենցի թաղամաս, Հայի Զևա գյուղ, Արագած գյուղ։ Եվ մենք խմբերով, նաև դրոնների միջոցով ամբողջ տարածքը նայել ենք, սակայն կրկին անօգուտ։ Մասնակցել են նաև կինոլոգներ»,- նշեց Արուսիկը։ 

Ըստ Մկրտչյանի՝ վերջին տեղեկատվությունը երեխային տեսնելու վերաբերյալ Արմավիրի մարզի Արագած գյուղից է։

«Եթե մարդիկ իրոք տեսել են, ապա նա այդ տարածքում է գտնվում և շրջակա գյուղերով է պտտվում։ Երեկ չէ առաջին օրը երեկոյան ԱԻՆ-ը 160 հոգով սանրել է ամբողջ տարածքը, օգտագործել են տերմոդրոններ, բայց մենք չբավարարվեցինք և երեկ անցել ենք ամբողջ գյուղով»,- նշեց Մկրտչյանը՝ հավելելով, որ քանի որ Հայկը աուտիզմ ունի, անգամ 3000 հոգով փնտրելու դեպքում էլ հավանականություն կա, որ երեխան այնպիսի մի տեղ թաքնված լինի, որ աչքից կարող է վրիպել։

«Չենք բացառում, որ նա իրոք այդ տարածքներում պտտվում է, և ուղղակի հնարավոր չէ գտնել տղայի թաքստոցը։ Քանի որ վախենում է մարդկանցից և խուսափում է շփումից, նա կարող է պատսպարվել այնպես, որ չնկատենք իրեն։ Եվ դա դժվարացնում է թե՛ ԱԻՆ-ի, թե՛ ոստիկանության, թե՛ կամավորների աշխատանքը»,- ասաց կամավորական խմբերի համակարգողը։

Նրա խոսքով՝ գոհ են և՛ ոստիկանության, և՛ ԱԻՆ-ի աշխատանքից ու մոտեցումից, մեծ է նաև հանրության կողմից ուշադրությունը։ Վերջին օրերին որոնողական աշխատանքներին մասնակցել է ավելի քան 400 կամավոր։

«Ինչ տեխնիկա ուզեցինք, միանգամից Երևանից բերվեց՝ նույն ջերմադիտակը, դրոնները և այլն։ Մարդկային ռեսուրսի խնդիր չկա, աուտիզմն է խնդիրը, որ բարդացնում է աշխատանքը»,- նկատեց Մկրտչյանը՝ նշելով, որ ներկայում կապի մեջ են ոստիկանության և ԱԻՆ-ի հետ ու հավաստի տեղեկատվություն ստանալուց հետո կրկին կսկսեն աշխատել։

Անի Գրիգորյան