Հատուկ քննչական ծառայությունը կոչ է անում մարտիմեկյան տեսանյութեր, նկարներ ուղարկել

Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ հորդորելով այն քաղաքացիներին, ովքեր մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ ունեն տեսանյութեր, լուսանկարներ կամ  փաստաթղթեր, ուղարկել դրանք ծառայություն։

«Կարևորելով հանրության աջակցությունն ու ակտիվ ներգրավվածությունը Երևան քաղաքում 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած դեպքերի բոլոր հանգամանքների, այդ թվում`10 անձի սպանությունների ամբողջական բացահայտման գործում` խնդրում ենք ՀՀ քաղաքացիներին նշված դեպքերի վերաբերյալ որևէ արժեքավոր տեղեկատվություն, այդ թվում` տեսանյութեր, լուսանկարներ, փաստաթղթեր ունենալու դեպքում դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն հետևյալ հասցեով` ք. Երևան, Վ.Վաղարշյան 13ա, հեռ.` (+374)11 900 064»,- նշված է ՀՔԾ հաղորդագրությունում։

Միևնույն ժամանակ տեղեկացվում է, որ անհրաժեշտության դեպքում պաշտպանության միջոցներ կկիրառվեն բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր վերը նշված դեպքերի կապակցությամբ կարող են հայտնել հանցագործությունները բացահայտելու և դրանք կատարողներին հայտնաբերելու վերաբերյալ նշանակություն ունեցող տվյալներ: Մասնավորապես, միջոցներ կձեռնարկվեն քրեական դատավարությանը մասնակցող անձանց ինքնությունը հաստատող տվյալների պաշտպանության, նրանց վերաբերյալ տեղեկությունների սահմանափակման, ինչպես նաև իրավապահ մարմինների հետ համագործակցության միջոցով վերջիններիս անվտանգության ապահովման ուղղությամբ։

Հունիսի 14-ին Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կոլեգիայի նիստում խոսել էր մարտիմեկյան իրադարձությունների մասին՝ ասելով, որ ստեղծվել է նախաքննությունը հսկող դատախազների խումբ, իսկ հետաքննական մարմիններին տրվել են օպերատիվ-հետախուզական աշխատանքների հանձնարարականներ։

Հունիսի 12-ին ներկայացնելով ՀՔԾ նոր պետին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել էր, որ ՀՔԾ «ամենակարևոր գործը Մարտի 1-ի բացահայտումն է»։