Ձերբակալվել են Մանվել Գրիգորյանը և «Դոն Պիպոն»

Ազգային անվտանգության ծառայությունն այսօր Էջմիածնում ձերբակալել է Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին և Արթուր Ասատրյանին՝ «Դոն Պիպո» մականունով։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Էջմիածնում այս երկու անձանց կողմից ղեկավարվող խմբավորումները պայքար են սկսել իրար դեմ։ Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը, Էջմիածնի քաղաքապետն է, իսկ Արթուր Ասատրյանը ռուսաստանաբնակ գործարար է։

Վերջին մի քանի օրերին Էջմիածնում բողոքի ցույցեր էին ընթանում՝ քաղաքապետի հրաժարականի պահանջով։

Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ հունիսի 16-ին  Էջմիածին քաղաքում, երկու տարբեր քրեական գործերով, միաժամանակ իրականացվել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք:

«ԱԱԾ քննչական վարչությունում քննվող «Դոն Պիպո» մականունով Արթուր Ասատրյանի կողմից, իր դեմ սպանություն նախապատրաստող անձանց հնարավոր առևանգելու փաստի առթիվ քննվող քրեական գործով խուզարկություններ են իրականացվել Արթուր Ասատրյանին պատկանող առանձնատանը, կից շինություններում, այլ տարածքներում, ինչի  արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք և ռազմամթերք: Արթուր Ասատրյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Նույն քրեական գործով ձերբակալվել են ևս 4 անձինք, ովքեր հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ:

ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ  ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել և պահում է զենք և ռազմամթերք:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է  քրեական գործ ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գործի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում: Հայտնաբերվել է ապօրինի կերպով  պահվող մեծ թվով զենք և ռազմամթերք:

ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել`  ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով, ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը»:

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ առանց անուններ նշելու, Ֆեյսբուքում գրել էր․

«Անընդունելի է, որ քրեածին տարրերը պղծեն սիրո եւ համերաշխության հեղափոխության խորհրդանիշները եւ հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում: Թույլ չենք տա»: