Ցույցեր՝ ի պաշտպանություն Մանվել Գրիգորյանի (լրացված)

Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի աջակիցները հունիսի 17-ին վաղ առավոտվանից բողոքի ցույցեր էին իրականացնում Երևանում։ Նրանք կեսօրին Ազգային անվտանգության ծառայության մոտ էին։ Այնուհետև Գրիգորյանի համակիրները ցույցը շարունակեցին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դիմաց, որտեղ քննվում է Մանվել Գրիգորյանի վերաբերյալ գործը։

Ցուցարարները պահանջում էին ազատ արձակել Մանվել Գրիգորյանին։ «Ամենաշատ հող ազատազրած հրամանատարը Մանվել Գրիգորյանն է եղել, ուրեմն՝ ազատություն Մանվել Գրիգորյանին։ Սոցցանցերում գրում են, որ Մանվել Գրիգոյանը դաժան է եղել։ Եկեք իրականությունը խոսենք՝ Գարեգին Նժդեհը հայտնի չի՞ եղել իր դաժանությամբ»,- ասաց ցույցի կազմակերպիչներից մեկը։

Ելույթ ունեցավ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը: Նա հիշեցրեց, որ Մանվել Գրիգորյանը պատերազմի մասնակից է, պնդեց, որ ցույցին հենց նրա մարտական ընկերներն են մասնակցում․ «Սահմանին որ մի բան լինի, էլի այստեղ կանգնած մարդիկ են գնալու: Սոցցանցերում մեզ անընդհատ քննադատողները մեր կամքը չեն կոտրի, այս տղանները արյուն են տեսել»,- ընդգծեց նա։

Մանվել Գրիգորյանի ղեկավարած Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանը ՍիվիլՆեթին հայտնեց, որ դատարանն ընդմիջումներով է քննում Մանվել Գրիգորյանի կալանքի հարցը։ Նա նաև տեղեկացրեց, որ Գրիգորյանը դատարանում չէ, թեև պաշտպանը՝ Գուրգեն Գրիգորյանը, միջնորդել էր, որ պատգամավորին ԱԱԾ-ից բերեն դատարան։ Փաստաբանի հեռախոսահամարն անհասանելի էր։

Հունիսի 17-ի ցույցի ուղիղ հեռարձակման տեսագրությունը

Ներկայում ցուցարարների մեծ մասը լքել է ակցիայի վայրը, ոստիկանները նույնպես դադարեցրել են ուժեղացված ծառայությունը։

Ժամը 20:00-ին մոտ դատարանից դուրս եկավ Մանվել Գրիգորյանի մյուս պաշտպանը՝ Հրանտ Անանյանը և ասաց, որ Գրիգորյանն ԱԱԾ-ում է։ Նա տեղեկացրեց, որ դատական ստուգում էր իրականացվում․ «Սա խափանման միջոց չէր, սա ընդամենը կարճաժամկետ արգելանքի տակ վերցնել էր, այս պահին դատախազության մասնակցությունը չկար»։

ԼՐԱՑՎԱԾ – Ըստ Հրանտ Անանյանի՝ սա նշանակում է, որ Մանվել Գրիգորյանը կմնա ձերբակալված. «Երեկվանից ժամը 17։35-ից սկսած 72 ժամը հոսում է ու այս ժամկետում կամ էլ մինչև դրա լրանալը գլխավոր դատախազը պետք է դիմի Ազգային ժողովին՝ քրեական հետապնդում հարուցելու թուլտվություն ստանալու, այդ թվում՝ խափանման միջոցի թույլտվություն ստանալու համար, կամ այս երեք օրվա ընթացքում ազատության չսահմանափակման հետ կապված կարող է խափանման միջոց ընտրվել։ Բացի այդ, հնարավոր է քրեական հետապնդումը դադարեցվի»։ Փաստաբանը նաև նշեց, որ պատգամավորը չի ընդունում զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքը։

Հունիսի 16-ին Ազգային անվտանգության ծառայությունը Էջմիածնում ձերբակալել է իրար դեմ հակամարտող երկու խմբավորումների ղեկավարներին՝ Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին և ռուսաստանաբնակ էջմիածինցի գործարար Արթուր Ասատրյանին, որ հայտնի է Դոն Պիպո մականունով։

Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ պատգամավորն անձեռնմխելի է, ինչը նշանակում է, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Սահմանադրության 96-րդ հոդվածով՝ պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության՝ չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել յոթանասուներկու ժամից ավելի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 17-ին անդրադարձել է Մանվել Գրիգորյանի ձերբակալմանը։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ Գրիգորյանը կասկածվում է նաև յուրացման համար։ «Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված չէ միայն մեծ քանակությամբ ապօրինի զենք, զինամթերք պահելու հետ, այլ կասկածների հետ, որ նա մասնակցություն ունի և կոնկրետ ներգրավված է եղել Ապրիլյան պատերազմի համար ուղարկված, հավաքված օգնությունը յուրացնելու և գողանալու մեջ»,- ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակման ժամանակ ասել է Փաշինյանը։

Փաստաբան Անանյանը տեղեկացրեց, որ դատական ստուգման ընթացքում նման փաստեր Մանվել Գրիգորյանին չի ներկայացվել, այդ մասին իրենք իմացել են համացանցի միջոցով։

Հայաստանի հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել իր անդամի ձերբակալման վերաբերյալ՝ նշելով, որ ԱԱԾ-ն ապօրինի գործողություն է իրականացրել․ «Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ այսօր կատարված գործողությունների հիմքում ընկած են առավելապես քաղաքական դրդապատճառներ»։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել