Զինվորի փայը գողացողը ամենախիստ գնահատականին է արժանի. Շարմազանով

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տեսանյութը բնականաբար անտարբեր չէր կարող թողնել որևէ հայ մարդու․ այսպես մեկնաբանեց Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատան խուզարկության տեսանյութը։

Շարմազանովի պնդմամբ՝ այժմ հարցը «իրավական տիրույթում է», և «պետք է հնարավորություն տալ նախաքննությանը գործողություններ իրականացնել»։

Շարմազանովի խոսքով՝ այդ ամենը «վրդովմունք ու հիասթափություն» է հարուցում, և եթե պարզվի, որ համապատասխանում է իրականությանը, «արդարացում դրան չկա»։

ՀՀԿ խոսնակը մի քանի անգամ շեշտեց անմեղության կանխավարկածի առկայությունը, նա նշեց, որ մինչև այժմ չեն լսել Գրիգորյանների կողմին և հորդորեց սպասել, «տեսնել՝ ինչ է պարզվում»։

«Զինվորի փայը գողացողը, բանակից լումա վերցնողը ամենախիստ բացասական գնահատականին է արժանի»,- ասաց ՀՀԿ խոսնակը։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե իշխանության մեջ եղած ժամանակ «չկայի՞ն տեղեկություններ, որ այդօրինակ պահետսավորումներ են իրականացվում», Շարմազանովը պատասխանեց, որ «առնվազն ինքը նման տեղեկություն չի ունեցել, մնացածը թող ԱԱԾ-ն պարզի»։

Խոսնակը շեշտեց, որ «անկախ անձից և հայրենիքի առաջ նրա մատուցած ծառայություններից»՝ իր համար դա դատապարտելի է։

Շարմազանովը նաև ասաց, որ Հանրապետական կուսակցությունը հայտարարություն կհրապարակի, չնայած՝ Մանվել Գրիգորյանը կուսակցության անդամ չէ, միայն ԱԺ ՀՀԿ խմբակցության։

«Այս հարցում չկա ընդդիմություն-իշխանություն»,- նշեց նա և հավելեց, որ «բյուջեից ով գողացել է, պետք է պատժվի․ ընդունելի չեն երկակի ստանդարտներ»։

***

Ազգային անվտանգության ծառայությունը երեկ հրապարակել է ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատան խուզարկության տեսանյութը։

Մեկնաբանել