Արմեն Սարգսյանը կմեկնի Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա, ԱՄՆ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, նախնական պայմանավորվածությունների համաձայն, աշխատանքային հանդիպումների նպատակով հունիսի 18-ին մեկնել է արտերկիր:

«Հանրապետության նախագահը Միացյալ Թագավորությունում պաշտոնական և ոչ պաշտոնական ձևաչափով մի շարք հանդիպումներ կունենա: Արմեն Սարգսյանը կհյուրընկալվի Բուքինգհեմյան պալատում: Որպես ՄԹ-ում Հայաստանի նախկին դեսպան` նա հրաժեշտի հանդիպումներ կունենա արտաքին գործերի նախարարությունում:

Լոնդոնից Հանրապետության նախագահը կմեկնի Ֆրանսիա: Փարիզում Արմեն Սարգսյանը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի մրցակցային առավելությունները ներկայացնելու և ներդրումային հնարավորությունները քննարկելու նպատակով: 

Նախագահ Սարգսյանը Փարիզում աշխատանքային հանդիպում կունենա նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միքաել Ժանի հետ։ Կքննարկվեն հոկտեմբերի 7-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում գործարար համաժողովի անցկացման հետ կապված հարցեր:

Արմեն Սարգսյանը հունիսի 26-ին կմեկնի ԱՄՆ՝ Վաշինգտոն, մասնակցելու Միացյալ Նահանգների գիտահետազոտական և մշակութային կենտրոններից մեկի` Սմիթսոնյան ինստիտուտի ամենամյա «Ազգային կյանք» փառատոնին, որը նվիրված կլինի հայկական մշակութային ժառանգությանը:

Վաշինգտոնում նախագահ Սարգսյանը ներկա կգտնվի նաև Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված ընդունելությանը ԱՄՆ Սենատում:

Նշված երկրներում գտնվելու ընթացքում հնարավոր են նախագահ Սարգսյանի քաղաքավարական հանդիպումները այդ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ»,- ասված է նախագահական մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

 

Լուսանկարը՝ արխիվային