Դատախազությունը ներկայացրել է Մանվել Գրիգորյանի հասցրած վնասի չափը

ՀՀ Գլխավոր դատախազը ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ դիմել է ԱԺ նախագահին։ Այս մասին տեղեկանում ենք դատախազության տարածած մամլո հաղորդագրությունից։

Ըստ հաղորդագրության՝ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հունիսի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով հիմնավորվել է, որ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, ապօրինի կերպով ձեռք բերելով մեծ քանակությամբ հրազեն, ռազմամթերք, պահել է դրանք իրեն պատկանող առանձնատներում, շինություններում, կամ իր փաստացի տիրապետության տակ գտնվող տարածքներում: Քննության տվյալների համաձայն՝ սկսած հունիսի 5-ից, ընտանիքի անդամների, ինչպես նաև այլ անձանց մասնակցությամբ սկսել է տեղափոխել, փոխադրել հրազեն հանդիսացող առարկաները տարբեր վայրեր՝ «մաքրելու» նպատակով:

Բացի այդ, դատախազությունը նաև փաստեր է ներկայացնում պատգամավորի կողմից կաստարած յուրացումների վերաբերյալ, մասնավորապես նշվում է, որ հունիսի 16-ին օրենքով սահմանված կարգով իրականացված խուզարկություններով Մ. Գրիգորյանին պատկանող կամ նրա փաստացի տիրապետության տակ գտնվող առանձնատներում, ավտոմեքենաներում, շենքերում, շինություններում կատարվել են 6 խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել և վերցվել են մեծ քանակությամբ նռնակներ, հակատանկային ականանետներ, տրոիլային պայթաղյուսներ, ավելի քան 17.000 տարբեր տրամաչափի փամփուշտ, այլ ռազմամթերք ու հրազեն:

«Խուզարկությամբ հայտնաբերվել է նաև 71.760.000 ՀՀ դրամ, 80.000 ԱՄՆ դոլար, 67.350 եվրո, 246.500 ուկրաինական արժույթ: Բացի այդ, Արմավիրի մարզի Արշալույս գյուղի և Էջմիածին քաղաքի համապատասխան հասցեներում գտնվող շինություններում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է 33 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ «Ռոյս Ռոլս», «Տոյոտա Լանդ Կրաուզեր», «Մերսեդես», «Համմեռ»,  «Ռենջ ռովեռ սուպերչարջ», ինչպես նաև խորհրդային արտադրության՝ նաև կոլեկցիոն ավտոմեքենաներ, այդ թվում՝ զինվորական նշանակության տրանսպորտային միջոցներ:

Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ խուզարկության ընթացքում Մանվել Գրիգորյանը քննությանը խոչընդոտելու, սպասվող պատասխանատվությունից խուսափելու նպատակով կապ է հաստատել խուզարկության վայրում գտնվող որդու հետ, վերջինիս հրահանգել է «Ա.»-ին փոխանցել, որ ներկայանա խուզարկության վայր և «ամեն ինչ իր վրա վերցնի», ինչը կատարվել է: Շուրջ երեսուն րոպե անց տվյալ անձը ներկայացել է խուզարկության վայր և հայտնել, որ պահվող ողջ ռազմամթերքը պատկանում է միայն իրեն: Այս հանգամանքն առանձնակի նշանակություն ունի Մանվել Գրիգորյանի հավանական վարքագծի կանխատեսման առումով՝ փաստերով որ նա հընթացս միջոցներ է ձեռնարկել դատավարությանը մասնակցող անձի վրա անօրինական ազդեցություն գործադրելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: 

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը սահմանված կարգով անհրաժեշտ սնունդ, ինչպես նաև զինվորական հանդերձանք է տրամադրել ԵԿՄ-ին՝ իր կանոնադրական նպատակների իրականացման նպատակով: Բացի այդ, 2016թ. ապրիլյան պատերազմի օրերին բազմաթիվ քաղաքացիներ և կազմակերպություններ օգնության նպատակով առաջնագծում ծառայություն իրականացնող զինվորներին փոխանցելու համար ԵԿՄ-ին են տրամադրել սննդամթերք, հագուստ, տնտեսական այլ պարագաներ. «Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Մ. Գրիգորյանը հատկացված այս գույքը հափշտակել է, տեղափոխել այն իրեն պատկանող տարածք՝ օգտագործելով անձնական կարիքների, այդ թվում՝ իրեն պատկանող կենդանիներին կերակրելու համար» :

Մանվել Գրիգորյանի փաստացի տիրապետման տակ գտնվող ԲԲԸ-ի տարածքում ատրճանակից և դանակից զատ հայտնաբերվել է 36.884.370 ՀՀ դրամ, երեխաների կողմից զինվորներին ուղղված 8 նամակ, զինվորական հանդերձանք և դրա տարբեր պարագաներ, արկղերով և պարկելով սննդամթերք: Նշված արկղերի և պարկերի վրա առկա են եղել «զինվորի համար, վաճառքի ենթակա չէ» գրառումներ:

2018թ. հունիսի 17-ին նշված քրեական գործի նախաքննությունը ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը, որից հետո այն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածով սահմանված կարգով միացվել է Մանվել Գրիգորյանի և մյուսների կողմից ապօրինի կերպով հրազենի և ռազմամթերքի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործին:

Այսպիսով, Գրիգորյանին առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հունիսի 18-ին միջնորդություններ է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ տալու համաձայնություն ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն: