Ազգային ժողովը Մանվել Գրիգորյանին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից

Հայաստանի Ազգային ժողովը հունիսի 19-ին 77 կողմ, 3 դեմ ձայներով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին։ Քվեարկությանը մասնակցել էր 104 պատգամավորներից 82-ը, անվավեր՝ 2 քվեաթերթիկ։Ավելի վաղ տեղի ունեցած փակ քվեարկությանը խորհրդարանը կողմ էր արտահայտվել Մանվել Գրիգորյանի դեմ քրեական գործ հարուցելուն։ Գրանցված 104 պատգամավորներից 81-ը կողմ էր քվեարկել, 3-ը՝ դեմ։ Անվավեր էր ճանաչվել 1 քվեաթերթիկ։

ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը խորհրդարանը քննարկում է կառավարության առաջարկությամբ։ Ինքը՝ Գրիգորյանը, գործընկերներին կոչ է արել քվեարկել իրեն անձեռնմխելիությունից զրկելու օգտին։ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է հունիսի 16-ին։ Հունիսի 17-ին Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն էր իրականացրել Գրիգորյանի առանձնատանն ու ամառանոցում, հայտնաբերել մեծ քանակությամբ զենք-զինամթերք, բանակի և զինվորների համար նախատեսված գույք և սնունդ։

Հետևե’ք ՍիվիլՆեթի ուղիղ տեքստային թարմացումներին՝ LIVE BLOG. ԱԺ նիստը՝ Մանվել Գրիգորյանի պատգամավորական անձեռնմխելիության հարցով