Հին գործարք՝ նոր վարչապետի համար․ «Կոմերսանտը»՝ Սու-30ՍՄ կործանիչների գործարքի մասին

Հայաստանը մինչև 2024թ․ Ռուսաստանից կարող է ձեռք բերել Սու-30ՍՄ կործանիչներ, գրում է «Կոմերսանտ» թերթը։

Հունիսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար հրապարակեց Սու-30ՍՄ կործանիչի խցիկից՝ գրելով․ «ՍՈւ-31CM. աշխարհի լավագույն կործանիչներից մեկի օդաչուի խցիկում եմ։ Արդեն Երևանում եմ։)»։

ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, իր էջում հրապարակելով վարչապետի գրառումն ու նկարը, գրեց․ «Երևանում մնան լավ կլինի»։

Այս առթիվ ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականում լույս է տեսել հոդված՝ «Հին գործարք՝ նոր վարչապետի համար» վերնագրով։ Ինչպես հայտնի է դարձել թերթին, Հայաստանում իշխանափոխությունից առաջ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հետաձգել է ռուսաստանյան Սու-30ՍՄ կործանիչների ձեռք բերման հարցը մինչև 2024թ․։ Գործարքը, որով նախատեսվում է հայաստանյան ռազմաօդային ուժերին մատակարարել առնվազն մեկ էսկադրիլյա, կնքվել էր 2012-ին, սակայն ուժի մեջ չէր մտել պատվիրատուի ֆինանսական խնդիրների պատճառով։ «Կոմերսանտի» տվյալներով՝ Ռուսաստանն ակնկալում է համաձայնագիրը կյանքի կոչել Հայաստանի արդեն նոր ղեկավարության հետ՝ 2024-ից շուտ։

Նշվում է, որ վերոհիշյալ կործանիչները ձեռք բերելու Հայաստանի ցանկության մասին զրույցները վերսկսվել են այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում հրապարակել է խցիկում նստած լուսանկարը։

Թերթը հղում է անում ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանին, ըստ որի՝ Սու-30ՍՄ-ների որոշակի քանակ ձեռք բերելու շուրջ բանակցությունները «բավական առաջ են անցել», գործարքի ստորագրումը ակնկալվում է մեկ-երկու տարվա ընթացքում։

Ավիացիոն արդյունաբերության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ «Կոմերսանտին» պատմել են, որ Սու-30ՍՄ-ների հանդեպ հայաստանյան զինվորականները հետաքրքրություն են ցուցաբերել դեռ 2010-ին՝ ելնելով ռազմաօդային ուժերի պարկի արդիականացման անհրաժեշտությունից։ Ավելին, 2012-ին կնքվել է համաձայնագիր, որով Հայաստանը մի քանի տարվա ընթացքում պետք է ստանար 12 կործանիչ, սակայն համաձայնագիրը ուժի մեջ չի մտել Հայաստանի ֆինանսական խնդիրների պատճառով։ Մոսկվան, ըստ տեղեկությունների, փորձել է լուծել Երևանի ֆինանսական հարցերը՝ թույլ տալով կործանիչները ձեռք բերել ներռուսաստանյան, այլ ոչ թե արտահանման գներով։

Վերջին անգամ թեմային անդրադարձ է եղել Թավշյա հեղափոխությունից մի քանի ամիս առաջ։

«Կոմերսանտի» աղբյուրների պնդմամբ՝ հեղափոխությունից հետո ռազմական արտահանման գծով երկու երկրների մասնագետների միջև շփումներ չեն եղել, սակայն գրանցվել են որոշ ազդակներ․ մայիսի 23-ին Փաշինյանը հայտարարել է, որ Պուտինի հետ բանակցություններում կողմերը պայմանավորվել են համագործակցությունն «ավելի արդյունավետ» դարձնել։ ՀՀ պաշտպանության նոր նախարար Դավիթ Տոնոյանը վերջին տարիներին ռազմական գերատեսչությունում զբաղվել է սպառազինությունների հարցերով՝ ունենալով լավ կապեր ռուսաստանյան շրջանակների հետ։

Մոսկվան ակնկալում է սկսել գործարքի իրագործումը որքան հնարավոր է շուտ․ դա անհրաժեշտ է մինչև 2022-ը Իրկուտսկի ավիացիոն գործարանի վերաբեռնման համար։ Այդ ժամանակ նախատեսվում է դադարեցնել Սու-30ՍՄ-ների արտադրությունն ու կենտրոնանալ Սու-35-երի արտադրության վրա։

Ռազմավարությունների ու տեխնոլոգիաների կենտրոնի փորձագետ Կոնստանտին Մակիենկոն կարծում է, որ ավիացիոն արդի համալիրների մատակարարումը կարող է ստիպել Ադրբեջանին արևմտյան կործանիչներ ձեռք բերել։ Նման նախադեպեր արդեն գրանցվել են․ Երևանին «Իսկանդերի» մատակարարմանն ի պատասխան՝ Բաքուն գնել է բելառուսական «Պոլոնեզ» համալիրներ։ Հետևաբար, ըստ փորձագետի, տվյալ մատակարարումը պետք է հավասարակշռել՝ Ադրբեջանին Սու-35 կործանիչներ առաջարկելով։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել