Հայոց բանակի և հայ զինվորի կուսակցական և անձնական շահագործումը

Հայոց բանակը և հայ զինվորը ժամանակակից հայ հասարակության ամենազգացմունքային ինստիտուտներից է։ Չեմ խուսափի ասել, որ նույնիսկ այդ հարթության վրա չունի իր հետ հավասարը։ Բայց իրականում այդ ինստիտուտների կարևորումը, նրանց նկատմամբ մեր վերաբերմունքը շատ առումներով չեն համապատասխանում բանակում առկա իրավիճակին։ Այժմ շատ կարևոր է պարզ ուբաց խոսել գոյություն ունեցող երկու իրականությունների մասին։

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ բանակը, հայ զինվորը հասարակության մոտ ունեն լեգիտիմության բարձր աստիճան, անհրաժեշտության դեպքում ժողովրդի ամեն մի ներկայացուցիչ իր աջակցությունն է ցուցաբերում բանակին՝ մեկը կամավորագրվելով, մեկը հագուստ կարելով, մյուսը անհրաժեշտ պարագաներ ուղարկելով և համացանցում տեղեկատվական պատերազմի մեջ մասնակցելով, իսկ մյուսը՝ նախկին զինվորական, ՀՀԿ խմբակցության անդամ, զինվորական կառույցի նախագահ, իր տանը պահելով նույն զինվորի համար նախատեսված սնունդը, զինամթերքը ու ռազմական տեխնիկան։ Մանվել Գրիգորյանի դեպքը այս ընդհանուր անարդարության միայն մի հատվածն է։ Կարծում եմ՝ պետք է ավելի խորանալ այս երևույթի մեջ ու հարցը ավելի ընդհանուր դիտարկել։ Կցանկանամ շեշտել բանակի և հայ զինվորի հեղինակության շահագործման քաղաքական հատվածը։

ՀՀԿ-ն և բանակը

ՀՀԿ-ն 2017 թ․ նախընտրական քարոզարշավի ժամանակ առանձնահատուկ շեշտ էր դնում արցախյան հակամարտության և դրա հետ կապված անվտանգության գաղափարի վրա։ Հայ զինվորի, հայոց բանակի մեծարումը և գովերգումը, ՀՀԿ անդամներին բանակի ֆոնով ներկայացնելը, ռազմական ոլորտում գրանցած հաջողությունները ՀՀԿ աշխատանքի և անհատների հետ ասոցացումը կուսակցության նախընտրական քարոզարշավի բաղկացուցիչ մասն էին։ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, բավականին ակտիվ մասնակցության ունեցավ նախընտրական քարոզարշավին։ ՀՀԿ նախընտրական քարոզարշավի էջում առկա է ընդհանուր առմամբ 54 տեսանյութ, որից 14-ը Վիգեն Սարգսյանինն են և ամբողջովին կապված են բանակի, հայ զինվորի հետ։ Չմոռանանք նաև ՀՀԿ նախընտրական պաստառները, որոնց մեծամասնությունում զինվորների ընդհանուր ֆոնի վրա ՀՀԿ առաջնորդները հանդես էին գալիս զինվորական համազգեստներով։

Նշեմ Վիգեն Սարգսյանի քարոզարշավի պոպուլիստական տարրերից մի քանի դրվագ, որին ավելի լայն կանդրադառնամ արդեն հետազոտությունում։ Քարոզարշավի հիմնական տեսահոլովակի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ քարոզարշավի ընթացքում ավելի շատ խոսվում էր ոչ թե ՀՀԿ պլանների և ծրագրերի մասին, այլ իրականացվում էր հայ զինվորի, հայոց բանակի շահագործման միջոցով ՀՀԿ պրոպագանդան։ Բանակի, հայ զինվորի ինստիտուտները ուղղակի կերպով կապվում են ՀՀԿ-ի հետ։ Քարոզարշավի ամբողջ տեսահոլովակը ուղեկցվում է ազգ-բանակ, հայ զինվոր երգերի ուղեկցությամբ։

Բոլոր մարզեր այցերի ժամանակ Վիգեն Սարգսյանը նախ այցելում է ազատամարտիկներին նվիրված հուշահամալիներ, գերեզմաններ և դնում ծաղիկներ, նրան ուղեկցում են տարբեր ազատամարտիկներ, վետերաններ, իսկ դիմավորում տեղի Երկրապահ կամավորական ջոկատի երեխաները՝ հայոց եռագույնը պարզած։

Սյունիքի մարզ Վիգեն Սարգսյանի այցի ժամանակ նրան ուղեկցում էին Արկադի Տեր- Թադևոսյանը և Սիսական ջոկատ հրամանատար Աշոտ Մինասյանը։ Իր ելույթում Վիգեն Սարգսանը ասում է․ «Ես եկել եմ ձեզ խնդրելու խոհեմ մտածելով ճիշտ ընտրություն կատարել և առաջիկա ընտրություններում ձեր քվեն տալ փորձված և ամուր հիմքերի վրա կանգնած ՀՀԿ-ին», իսկ Սիսական ջոկատի հրամանատարը կոչ է անում բոլորին լինել Գերագույն գլխավոր հրամանատարի կողքին։ Ի դեպ «Գերագույն գլխավոր հրամանատար» կոչումը թե՛ այս անգամ, թե՛ հետագայում բազմիցս օգտագործվում էր մանիպուլյացիոն իմաստով, և ուղղակի ենթարկվում էր շահագործման։ Ստեղծվում էր տպավորություն, որ այս կոչումը ուղղակի ոչ թե տրվում է յուրաքանչյուր նախագահին Սահմանադրության կողմից, այլ հանդիսանում էր Սերժ Սարգսյանի անձնական բնութագրիչը, որ նա կրում էր ոչ թե Սահմանադրության համապատասխան հոդվածի համաձայն, այլ ի վերուստ։

Տավուշի մարզ կատարած այցը նույնպես ռազմահայրենասիրական էր։ Նախարարը նախ նշում է ․ «Հիշեք, որ առաջին հերթին ձայն ենք տալիս, այն ուժին, որ պետք է կառուցի մեր երկրի անվտանգության համակարգը», իսկ Կոմանդոսը իր ելույթում նշում է․ «Ինչպես մեկ մարդ կգնանք ընտրության և կքվեարկենք մեր Հանրապետական կուսակցության համար»։ Կոմանդոսի մասնակցությունը ՀՀԿ քարոզարշավին ևս մեկ լծակ էր ՀՀԿ-ին լեգիտիմացնելու։ Արցախյան հերոսի բարի համբավը դրական ֆոնով էր ծածկում ՀՀԿ քարոզարշավը։ Ռուբեն Գևորգյանը՝ «Երդվյալ ազատամարտիկների» միության նախագահն, իր հերթին ասաց . «Ոչ միայն երդվյալ ազատամարտիկները, ոչ միայն երկրապահ կամ ինչ-որ մի բան, կամավորական ուժ այլ ընդհանուր բոլոր կռվին մասնակցած, բոլոր տղերքը, բոլոր կանայք, ինչու՞ պիտի չտանք, եթե Գերագույն հրամանատարը առաջնորդում է այդ կուսակցությունը»։ Նույն փորձը տարածվում է նաև Վայոց ձորի, Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Արմավիրի մարզեր ՊՆ նախկին նախարարի այցելությունների վրա։ Բոլոր մարզերում նախարարին դիմավորել են ռազմական հետևյալ կառույցների ներկայացուցիչները՝ «Հայդուկ», «Տիգրան Մեծ» ջոկատներ, «Պատանի երկրապահ», «ԵԿՄ», «Երդվյալ ազատամարտիկներ»։

Բայց գոյություն ունի երկրորդ իրականություն, որն ավելի լավ է ցույց տալիս թե իրականում ՀՀԿ-ն ինչ վերաբերմունք է ունեցել հայոց բանակի և հայ զինվորի նկատմամբ։ Ապացույցներից մեկին հանդիպում ենք, երբ համեմատում ենք ՀՀ 2016թ. պետական բյուջեի հատկացումները բանակին և ոստիկանությանը: 2016 թ. ՊՆ բյուջեն եղել է 422.3 մլդ դոլար https://tradingeconomics.com/armenia/military-expenditure, իսկ ոստիկանությանը՝ 65.2 մլրդ դրամ, որը համարժեք է 135 մլն. դոլարի: Փաստորեն անվտանգության, հայ զինվորի, հայոց բանակի վրա արված ծախսերը, երբ երկիրը գտնվում է պատերազմական դրության մեջ, ընդամենը 3 անգամ են գերազանցել ոստիկանության վրա արված ծախսերին: Միևնույն ժամանակ բազմից նշվում էր, որ Հայաստանը պետք է ունենա գիտելիքահեն տնտեսություն, բայց եթե կրթության և գիտության ֆինանսավորումը 2011-ին կազմել է 220 մլն․ դոլար և 2016-ին հասել է 254 միլիոնի, ապա ոստիկանության բյուջեն 49-ից հասել է մոտ 135 մլն դոլարի։ Եթե կրթության և գիտության ֆինանսավորումը աճել է 13․4 տոկոսով, ապա ոստիկանությանը՝ 63․4 տոկսոս, իսկ սա իհարկե ավելի շատ նման է ոչ թե գիտելիքահեն պետության, այլ՝ ոստիկանապետության։ 2016թ. ապրիլի 6-ին Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահը նշեց․ «Այո՛, մենք կռվում ենք 80-ականների զենքերով»։ ՀՀԿ իշխանության տարիներին գրանցվեց արցախյան հակամարտությունում լարվածության ամենաբարձր մակարդակները 1994թ. մայիսի 12-ին կնքված զինադադարից հետո։ Նախ 2014 թ. օգոստոսին և երկրորդը արդեն 2016թ. ապրիլին, երբ փաստացի սկսվեց պատերազմ։ Ապրիլյան պատերազմի ժամանակ առաջին անգամ հայկական կողմը ունեցավ տարածքային կորուստներ շուրջ 800 հա. չափով։

Բանակը և նախկին ավտորիտար համակարգը

Հիշու՞մ եք, որ քաղաքացիական շարժումների ժամանակ ասում էին․ «Հեսա այստեղ, որ խառնվի իրար, Ադրբեջանը կհարձակվի, ինչի՞ եք քաոս ստեղծում»։ Ես իմ օրինակով կարող եմ ասել, որ այս մանիպուլացիան այնքան էր տարածվել ու ընդունվել ժողովրդի կողմից, որ նույնիսկ, երբ համալսարանական խնդիրների մասին էինք խոսում էլի նույն խոսակցությունը առկա էր։ Հեղափոխության նախնական օրերին, տարբեր լրատվականներ խոսում էին ադրբեջանական զորքերի առաջխաղացման մասին, բայց սահմանում լարումներ այդպես էլ չեղան։ Այսինքն այս հատվածում, կարող ենք ասել, որ բանակը օգտագործվում էր մեկ կուսակցության նեղ շահերը պաշտպանելու և իշխանությունը պահելու համար։ Բանակը օգտագործվում էր ճնշելու քաղաքացու արդար պահանջները, փորձ էր արվում զսպել արդար բողոքը ու խոչընդոտել ժողովրդավարության զարգացումը։

Բանակի անձնական շահագործումը

Տարիներ շարունակ հայոց զինվորը ու բանակը օգտագործվել են տարբեր մարդկանց կողմից սեփական հեղինակությունը բարձրացնելու համար։ Ով ուզում էր քաղաքական կարիերա սկսել, մի հատ գնում էր դիրքեր, իր հետ տանում էր սնունդ, ծխախոտ, նկարվում էր տղերքի հետ, հետո այդ նկարն էլ գցում էր facebook ու ասում․ «Քանի էս տղերքը պոստի են, մենք պրոբլեմ չունենք»։ Հատուկ քաղաքականության արդյունքում բանակի կարևոր դերի վրա տարիներ շարունակ լուծվել են նեղ անձնական ու կուսակցական շահեր։ Կոռուպցիայի միջոցով հարստացած անձինք ժողովրդից հափշտակած գումարով «բարերգործություններ» են արել բանակում ու փորձել բարձրացնել իրենց հեղինակությունը, այն պարագայում, երբ օրենքով սահմանվածը ուղղակի տեղ չի հասել։ Հայոց բանակի ամրության առաջին գրավականներից մեկը մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարն է, դրա նվազեցումը։ Անհատական բարեգործությունների հիման վրա մենք չենք կարող բանակ պահել։ Էլ չեմ ասում, որ հետո այդ «բարեգործները» դառնում են բեռ թե՛ պետության, թե՛ ժողովրդի համար, չեն թողում, որ աշխատեն այն ինստիտուտները, որոնք պարտավոր են հենց այդ գործառույթները իրականացնել։ Բանակում մենք ունենք շատ խնդիրներ, որոնց մասին չենք ունենում անհրաժեշտ ազնիվ հանրային քննարկումները, կան շատ կարևոր խնդիրներ, որոնք ազդում են զինվորների մարտական ոգու և պատրաստակամության վրա։ Վաղ, թե ուշ այս խնդիրների մասին մենք պետք է սկսենք խոսել, մենք պետք է ուժ ունենանք ու ընդունենք, որ ստղծված դրական ֆոնի տակ կան երևութներ, որ ուղղակի կեղեքում են բանակը ու զինվորին։

Շուտով կփորձեմ կետ առ կետ դրանց անդրադառնալ։

Դավիթ Պետրոսյան

Մեկնաբանել