Վրաստանի ապագա վարչապետը առաջարկում է ներել հարկատուների՝ մինչև 2013թ․ պարտքերը

Վրաստանի վարչապետի թեկնածու Մամուկա Բախտաձեն, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել է գործարարների՝ մինչև 2013թ․ հարկերի պարտքերը ներելու մտադրության մասին։ Նրա խոսքով՝ այդ նախաձեռնությունը կառնչվի մոտ 36 հազար հարկատուի։

Բացի այդ, Բախտաձեն առաջարկում է ստեղծել նոր մաքսային և հարկային օրենսգիրք՝ մասնավոր սեկտորի մասնակցությամբ։

Երեքշաբթի օրը Վրաստանի խորհրդարանում ելութ են ունեցել նախարարական թեկնածուները, իսկ այսօր պատգամավորները պետք է վստահություն հայտնեն նոր կառավարությանը՝ Մամուկա Բախտաձեի գլխավորությամբ։

Ավելի վաղ Վրաստանի խորհրդարան ներկայացված փաստաթղթից հայտնի է դարձել, որ նոր կառավարությունում լինելու է երեք նոր նախարար՝ էկոնոմիկայի, ֆինանսների ու արտաքին գործերի։

Այսպես՝ էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլիին կփոխարինի նրա տեղակալ Գեորգի Չերքեզիշվիլին, արտաքին գործերի նախարարի պաշտոնում Միխեիլ Ջանելիձեին կփոխարինի նրա տեղակալ Դավիթ Զալքալիանին, ֆինանսների նախարարի պաշտոնում, որը մինչ այս զբաղեցրել է Բախտաձեն, կնշանակվի նրա տեղակալ Նիկոլոզ Գագուան։

Բախտաձեն նաև հայտարարել է նախարարների քանակը 14-ից մինչև 11 կրճատելու մտադրության մասին։

Անցյալ շաբաթ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Մամուկա Բախտաձեին այն բանից հետո, երբ այդ պաշտոնից հրաժարականի մասին հայտարարել էր Գիորգի Կվիրիկաշվիլին։

Ավելին՝ Ո՞վ է Վրաստանի վարչապետի թեկնածու Մամուկա Բախտաձեն

Մեկնաբանել