Գագիկ Եղիազարյանը կալանքից չազատվեց. դատարանը մերժեց միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն այսօր մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանին կալանքից ազատելու միջնորդությունը։ Եղիազարյանի պաշտպան Տիգրան Եգորյանը միջնորդությանը կցել էր նաև ԱԺ «Ծառուկյան» խմբակցության երկու պատգամավորների երաշխավորագրերը։ Մեղադրողը միջնորդությանը չառարկեց, դատարանը, սակայն, որոշեց այն մերժել՝ պատճառաբանելով Գագիկ Եղիազարյանի դրսևորած վերաբերմունքը. «Դատարանն արձանագրում է, որ ավելի քան յոթ ամիս ընթացող դատական քննության ընթացքում ամբաստանյալ Եղիազարյանի դրսևորած վարքագիծը, այն է՝ ընդգծված բացասական վերաբերմունքը դատարանի և դատավարության մյուս մասնակիցների նկատմամբ, դատարանին բերում են այն եզրահանգման, որ հայտնվելով ազատության մեջ, վերջինս չի դրսևորի պատշաճ վարքագիծ, որով իսկ կխոչընդոտի գործի հետագա քննությանը»,- ասաց դատավոր Մեսրոպ Մակյանը։