51 քրեական գործ՝ պարարտանյութի և սերմացուի բաշխման գործընթացում չարաշահումների դեպքերով

Պետական աջակցության ծրագրերով հանրապետության տարբեր մարզերի շահառուներին սերմացուի և պարարտանյութի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթներում քննվում է 51 քրեական գործ՝ 51 համայնքների վերաբերյալ։

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ մարզերի տարբեր համայնքներում պետական աջակցության երկու տարբեր ծրագրի շրջանակներում համայնքներին տրամադրվել է պարարտանյութ և սերմացու, որոնք սահմանված կարգով պետք է փոխանցվեին շահառուներին՝ գյուղացիներին։ Սակայն բաշխման գործընթացում թույլ են տրվել մի շարք չարաշահումներ։ Մասնավորապես՝ պարարտանյութը կամ սերմացուն չի հատկացվել ցուցակում ընդգրկված բնակիչներին կամ հատկացվել է ոչ այն ծավալով, որով նախատեսված է եղել, իսկ որոշ դեպքերում էլ՝ հատկացված պարարտանյութի և սերմացուի դիմաց գյուղացիներից գանձված գումարները չեն ձևակերպվել, հավաքագրված գումարները տնօրինվել են համայնքների ղեկավարների կողմից՝ սեփական հայեցողությամբ՝ մարզպետարաններին ներկայացնելով, թե գյուղացին ի վիճակի չի եղել կատարել վճարումները։

Արդյունքում՝ 2017թ. դեկտեմբերի 7-ի՝ «Հայաստանի Հանրապետությունում պետական աջակցության ծրագրերի շրջանակներում 2011- 2016թթ. պարտքերի ներման մասին» Կառավարության թիվ 1585-Ն որոշմամբ՝ համայնքի բնակիչների անվամբ կուտակված պարտքերը զիջվել են պետության կողմից:

Պարարտանյութի և սերմացուի բաշխման գործընթացում չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարբեր մարզային վարչություններում քննվող քրեական գործերի շրջանակներում պարզվել է, որ պետությանը պատճառված վնասը ընդհանուր առմամբ կազմում է 95.813140 ՀՀ դրամ, որի զգալի մասը՝ 44.184.440 ՀՀ դրամը, նախաքննության ընթացքում վերականգնվել է:

Քրեական գործերով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու չարաշահումների բոլոր հանգամանքները, առնչություն ունեցած անձանց շրջանակը։

Մեկնաբանել