Արմավիրի քաղաքապետը վաղաժամկետ դադարեցնում է լիազորությունները

Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը սեփական դիմումի համաձայն վաղաժամկետ դադարեցնում է լիազորությունները․ այս մասին նա հայտնել է այսօր Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի հետ հանդիպման ժամանակ։

Արմավիրի մարզպետարանի կայքի հաղորդագրությունում ասված է․ «ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն ընդունել է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին, այնուհետև Արմավիրի նախաձեռնող խմբի անդամներին:

Նրանց հետ ունեցած հանդիպման ընթացքում մարզպետը քննարկել է վերջին շրջանում Արմավիր քաղաքում ստեղծված իրավիճակը: Նա հորդորել է կողմերին ցուցաբերել փոխադարձ հարգանք և զսպվածություն, միևնույն ժամանակ չխախտել հասարակական կարգը:

Գագիկ Միրիջանյանը քաղաքապետի հետ քննարկել է նաև ներքաղաքային մի շարք հարցեր: Քննարկման արդյունքում Ռուբեն Խլղաթյանը հայտնել է մարզպետին իր սեփական դիմումի համաձայն քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:

Նշենք, որ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հարցն այսօր կքննարկվի Արմավիր քաղաքի ավագանու արտահերթ նիստում»:

Մեկնաբանել