Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընտրություններ են

Էրդողանի անսահմանափակ իշխանությո՞ւն, թե՞ էրդողանական ժամանակաշրջանի ավարտ։ Այսօր այս հարցի պատասխանն են տալու Թուրքիայի քաղաքացիները։ Չի բացառվում նաև, որ ընտրություններում Էրդողանի պարտությունը նոր իրողություններ ի հայտ բերի Թուրքիայի արտաքին քաղաքական ուղեգծում։

Այսօր Թուրքիայում ընտրություններ են․ Թուրքիան ընտրելու է իր 13-րդ նախագահին ու 27-րդ գումարման խորհրդարանը՝ միլլի մեջլիսը։ Ընտրությունները սկսվել են առավոտյան ժամը 8։00-ին և կավարտվեն 17-00-ին։ Ընտրության իրավունք ունեցողների թիվը 56,3 միլիոն է, որից 3,47 միլիոնը բնակվում է արտասահմանում, մեծ մասը՝ Գերմանիայում։

Նախագահի թեկնածուները վեցն են՝

1․ Մուհարեմ Ինջե,

2․ Մերալ Աքշեները,

3․ Ռեջեփ Թայիփ Էրդողան,

4․ Սելահաթթին Դեմիրթաշ,

5․ Թեմել Քարամոլաօղլու,

6․ Դողու Փերինչեք։

Հիմնական մրցակցությունն ընթանում է գործող նախագահ Էրդողանի ու Մուհարեմ Ինջեի միջև։

Խորհրդարանական ընտրություններին կուսակցությունների մի մասը մասնակցում է դաշինքով․

1․ Հանրապետական դաշինք․ «Արդարություն և զարգացում» կուսակցություն, «Ազգայնական շարժում» կուսակցություն։ Այս դաշինքում միավորվել են Էրդողանի կուսակցությունն ու ազգայնականները՝ գորշ գայլերը։

2․ Հուդա-ՓԱՌ

3․ Հայրենիք կուսակցություն

4․ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն

5․ Ազգային դաշինք․ «Ժողովրդահանրապետական կուսակցություն», «Սաադեթ» կուսակցություն, «Իյի» կուսակցություն։

Հիմնական պայքարն ընթանալու է Հանրապետական ու Ազգային դաշինքներիի միջև։ Թուրքիայում ընտրական շեմը 10 տոկոս է, որը կարող է հաղթահարել նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը։

Մինչև ժամը 18։00-ն լրատվամիջոցներն իրավունք չունեն ընտրություների արդյունքների մասին որևէ լուր հրապարակել։ Ամբողջ օրվա ընթացքում երկրի տարածքում արգելված է ալկոհոլային խմիչքի վաճառքն ու զենք կրելը։ Փակ են լինելու նաև զվարճանքի բոլոր կենտրոններն ու ինտերնետ ակումբները։

Այսօր կեսգիշերից առաջ կհայտարարվեն նախագահի ընտրություների նախնական արդյունքները։ Այս ընտրություններից հետո Թուրքիայում գործելու է նոր սահմանադրություն։ Եթե հաղթի Էրդողանը, ապա նա գրեթե անսահմանափակ իշխանություն կունենա։ Չի բացառվում նաև, որ այս ընտրություններն ազդարարեն Թուրքիայում էրդողանական ժամանակաշրջանի ավարտը։

Գոռ Երանյան

Մեկնաբանել