Էրդողանը շարունակում է հաղթարշավը

Հայտնի են Թուրքիայի խորհրդարանական ու նախագահական ընտրությունների նախնական արդյունքները։ Արդեն իսկ բացվել է քվեատուփերի 99,35 տոկոսը։ Ըստ նախնական տվյալների՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է 52,55 տոկոս ձայն և առաջին փուլում վերընտրվել երկրի նախագահ։  Նա արդեն շնորհավորանքներ է ընդունում ու կարծում, որ ընտրությունները ցույց տվեցին թուրքական ժողովրդավարության ուժը։

Թուրքիայի ընդդիմության հույսերը կրկին ի չիք են դառնում։ Էրդողանի հիմնական հակառակորդ, քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Մուհարեմ Ինջեն հավաքել է ընդամենը 30,81 տոկոս ձայն։ Նրան հաջորդում են քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության` բանտում գտնվող թեկնածուն՝ Սելահաթթին Դեմիրթաշը (8,12 տոկոս), այնուհետև ազգայնական Իյի կուսակցության թեկնածու Մերալ Աքշեները (7,45 տոկոս)։ Մնացած երկու թեկնածուները, ըստ նախնական տվյալների, չեն հաղթահարել 1 տոկոսը։

Հայտնի են նաև խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Բացվել է քվեատուփերի 99,29 տոկոսը։ Էրդողանի Արդարություն և զարգացում կուսակցությունը չի կարողացել հավաքել ձայների մեծամասնությունը, ստացել է մոտ 42 տոկոս, իսկ նրա հետ նույն դաշինքում գտնվող Ազգայնական շարժումը՝ 11 տոկոս։ Հետևաբար,  եթե այս երկու կուսակցությունները շարունակեն համագործակցել, ապա Թուրքիայի 27-րդ գումարման խորհրդարանում նրանք մեծամասնություն կլինեն։

Ժողովրդահանրապետական կուսակցությունը հավաքել է 22,78 տոկոս, Իյի կուսակցությունը՝ 10,14 տոկոս։

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման, Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու նախընտրական ծրագրով հանդես եկող քրդամետ Ժողովուրդների  դեմոկրատական կուսակցությունը հաղթահարել է 10 տոկոս նախընտրական շեմը և ներկայացված կլինի թուրքական մեջլիսում։ Կուսակցությունը դարձյալ հիմնականում հաղթել է քրդաբնակ շրջաններում և հավաքել 11,30 տոկոս։