Պե՞տք են արդյոք էլիտար դպրոցներ

Ալեքսանդր Գրիգորյան, Հայաստանի ամերիկյան համալսարան

Ինչպիսի՞ միջնակարգ կրթություն է մեզ անհրաժեշտ: Արդյո՞ք մեզ անհրաժեշտ են առաջամարտիկ-դպրոցներ կրթության որակի վեկտորն ուղղորդելու համար: Պե՞տք է արդյոք գնալ հատվածային զարգացման ճանապարհով՝ ներդնելով միջազգային լավագույն փորձը սահմանափակ թվով դպրոցներում և փորձելով տարածել այլ դպրոցներում:

Կապիտալի կենտրոնացումը և միջազագային փորձի տեղայնացումը էլիտար դպրոցներում և դրա հետագա տարածումը այլ կրթական հաստատություններում զարգացման մի ճանապարհ է: Այս դեպքում էլիտար դպրոցների դերը երկրի կրթական համակարգի զարգացման գործում դառնում է առաջնային: Նման քաղաքականության որդեգրման պայմաններում ենթադրվում է, որ պետությունը պետք է իր աջակցությունը ցուցաբերի էլիտար դպրոցներին:

Հայաստանում առկա են նման սպասումներ «՛Այբ» կրթական հիմնադրամից և նրա գործարկած Արարատյան բակալավրիատից, և բնական է, որ հասարակության որոշակի զանգված, ուղղակիորեն կամ միջնորդավորված կապված լինելով դպրոցի և ծրագրի հետ, բարձր է գնահատում էլիտար կրթության դերը երկրում: Էլիտար դպրոցները ստանձնում են կրթության զարգացման շարժիչ ուժի դերը՝ ձևավորելով չափանիշներ, որոնք հենվում են միջազգային լավագույն փորձի վրա և ունեն կամ առնվազն ակնկալում են պետական համապատասխան կառույցների անվերապահ աջակցությունը: Որպես փաստ կարելի է արձանագրել, որ էլիտար հաստատություններում կրթության որակը ավելի բարձր է, քան մյուս դպրոցներում, բայց դա ոչինչ չի կարող ասել դրա հասարակական օգտակարության մասին:

Դեռևս պետք է վերլուծել էլիտար կրթության դերը ողջ հասարակության սոցիալական զարգացման գործում: Եթե էլիտար կրթությունը գեներացնում է ավելցուկային սոցիալական անհավասարություն և/կամ աղքատություն երկրում, դա խնդիր է, և պետք է հասկանալ պատճառները: Դա նշանակում է առնվազն երկու բան, մեկը մյուսին չբացառող.

1․ էլիտար կրթությունը իրականացվում է առկա ռեսուրսների անարդար բաշխման արդյունքում (օրինակ, պետական բյուջեի հաշվին կամ ավելի ընդհանուր ձևակերպմամբ, գործ ունենք resource diversion-ի հետ),

2․ էլիտար կրթությունից ստացվող բարիքները չեն կիսվում հասարակության մյուս շերտերի կողմից (no spillovers):

Կրթական որևէ հաստատության որակի մասին առաջնային պատկերացում կազմելու համար առաջին հարցը ուսուցչի կամ դասախոսի աշխատավարձի մեծության մասին է: Առաջարկի՛ր բարձր աշխատավարձ, ներդրրում արա՛ կրթական ենթակառուցվածքներում և կունենաս լավ դպրոցներ:

Եթե ներդրումները կրթական հաստատություններում կարող են լինել օպտիմալ ցանկացած մակարդակի վրա (այսինքն, նույնիսկ 1000 դրամ ներդրումը կարող է բարելավել կրթության որակը), ուրեմն, կարելի է կրթության որակը բոլոր դպրոցներում համամասնորեն բարձրացնել: Եթե կրթության տեխնոլոգիաները թույլ են տալիս նման հնարավորություն (անընդհատ ֆունկցիա են ներդրումներից), պետությունը պետք է ապահովվի ուսուցիչների ընտրության և ենթակառուցվածքներում ներդրումների արդյունավետ մեխանիզմներ:

Իհարկե, էլիտար դպրոցները կարող են տրամադրել կրթաթոշակներ տաղանդներին, բայց դրանք մնում են էլիտար, որովհետև մեծամասամբ հասանելի են հասարակության բարեկեցիկ խավին: Հասարակ դպրոցներից տաղանդների զտումը այլ խնդիրներ է առաջացնում:

Նոր ինստիտուտների անհրաժեշտությունը

Թավշյա հեղափոխության արդյունքում մենք ձևավորում ենք որակապես նոր ինստիտուտներ: Այսօր արդեն մեր դպրոցները ապաքաղաքականացվում են․ առողջ մրցակցությունը պետք է ներխուժի դպրոցներ: Ազատությունը մրցակցության հիմքն է: Սա է մեր առաջնային ռեսուրսը, այլ ոչ թե ապագայի դասագիրքը, որով պետք է դասավանդեր տարրաական ազատություններից զուրկ և հուսալքված ուսուցիչը, ով արդեն ամաչում էր, որ ուսուցիչ է, որովհետև այդ մասնագիտությունը ենթադրում է աղքատին հարիր կենսակերպ:

Ես ակնկալում եմ, որ եթե ուսուցչի աշխատավարձը բարձրացնենք 10-15 տոկոսով և ապահովենք տնտեսական աճի չափով տարեկան աճ, մենք կունենանք կրթության ոլորտում որակական լուրջ և համատարած փոփոխություն 2-3 տարում: Օրինակ, մանկավարժական համալսարանում ավելի շատ ուսանող կունենանք, որովհետև պետությունը պատրաստվում է որակյալ ուսուցչին վարձատրել: Համալսարանը, որպես արդյունավետ կառույց, մեծ պահանջարկի արդյունքում դասախոսների աշխատավարձը կբարձրացնի (չի կարող չանել դա, քանի որ մրցակցում է արդյունավետ այլ համալսարանների հետ):

Այլ երկրների փորձը հետաքրքիր է իհարկե, բայց մեր հեղափոխությունը այլ երկրների փորձի հետ առնչություն չունի: Այսօր մենք ունենք բացառիկ հնարավորություն կրթության զարգացման հիմքը դնելու՝ հենվելով ազատ քաղաքացու և մրցակցային կրթական հաստատության ռեսուրսի վրա:

Այսօր երկրում մենք ունենք սոցիալական աղքատության և անհավասարության ահռելի պաշար: Էլիտար ցանկացած (կրթ)օջախ և նրան կից ծրագիր կարող է հանգեցնել սոցիալական խզման նոր դրսևորումների:

Ինչպես նշեցի, անհրաժեշտ է գնահատել այդ ռիսկերը: Եթե վերապատրաստված ուսուցչի աշխատավարձը մի քանի անգամ գերազանցելու է դպրոցի մյուս ուսուցիչների աշխատավարձերին, արդյո՞ք դրա զուտ արդյունքը կրթական համակարգի համար դրական է: Անարդարության զգացողությունը, որը կարող է տևել տարիներ, լուրջ խոչընդոտ է դառնում դպրոցի զարգացման համար: Սրանք հարցեր են, որոնք ենթակա են լուրջ ուսումնասիրության:

Մյուս կողմից, բոլոր հայ երեխաները պետք է ունենան հավասար հնարավորություններ որևէ հասանելի մակարդակի կրթություն ստանալու համար, և պետությունը պետք է հստակ պարտավորություն վերցնի այդ մակարդակը բարձրացնել միաժամանակ բոլոր դպրոցներում: Իմ ընկալմամբ, այսպիսին պետք է լինի ներառական կրթության քաղաքականությունը: Սա՝ պետական քաղաքականության տեսանկյունից, իսկ բիզնեսն առաջնորդվում է իր շահերով, իհարկե:

Եթե կան վճարողներ, էլիտար դպրոցներ անպայման կլինեն, բայց բիզնեսը պետք մնա մասնավոր:

Ալեքսանդր Գրիգորյանը տնտեսագետ է, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս