«Երկրապահը» կասեցրեց Մանվել Գրիգորյանի լիազորությունները

Հունիսի 24-ին տեղի է ունեցել Երկրապահ կամավորական միության վարչության նիստը, որի ընթացքում ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու որոշում է ընդունվել։

Վարչությունը դատապարտել է Մանվել Գրիգորյանի մասնակցությամբ տեղի ունեցած չարաշահումներն ու յուրացումները։ Նիստին որոշվել է հանձնարարել ԵԿՄ ղեկավարությանը ստեղծել նախաձեռնող խումբ և հրավիրել նոր համագումար։

Հունիսի 16-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալեց ԱԺ պատգամավոր, ԵԿՄ ղեկավար Մանվել Գրիգորյանին։ Նրան մեղադրանք առաջադրվեց երկու հոդվածով՝ ապօրինի զենք-զինամթերքի շրջանառության և զինվորների համար նախատեսված պարենամթերքի, պարագաների յուրացման համար։ Հունիսի 19-ին Ազգային ժողովը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկեց Գրիգորյանին, դատարանը նույն օրը նրան երկու ամսով կալանավորեց։

Մանվել Գրիգորյանն իրեն մեղավոր չի ճանաչում։ Նրա փաստաբան Արսեն Մկրտչյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է, որ Գրիգորյանը առնչություն չունի յուրացման հետ։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել