Ադրբեջանը ռազմական շքերթին կցուցադրի ամերիկյան Bell-412 ուղղաթիռներ

Վաղը՝ հունիսի 26-ին, ադրբեջանական բանակի կազմավորման 100-ամյակի կապակցությամբ կայանալիք շքերթին, ըստ ադրբեջանական կայքերի, ցուցադրվելու են Bell-412 տեսակի ամերիկյան երկու ուղղաթիռներ, որոնք վերջերս են համալրել Ադրբեջանի ռազմաօդային ուժերը։ 

Ըստ ադրբեջանական աղբյուրների, ուղղաթիռներն առաջին անգամ նկատվել են Բաքվի երկնքում փորձնական թռիչքի ժամանակ։ Bell-412-ը առաջին ոչ ռուսաստանյան/խորհրդային ուղղաթիռն է, որը ցուցադրվելու է շքերթին։

Բացի վերոհիշյալ մեքենայից, ռազմական շքերթին մասնակցելու են նաև Մի-24, Մի-24G, Մի-35М և Կա-27 տեսակի ուղղաթիռներ։ 

Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռների վաճառքի կապակցությամբ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը գրել է․ «Ամերիկյան ուղղաթիռների վաճառքի մասին իմ մտահոգությունները ներկայացրել եմ հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահին և անդամին, որոնք համապատասխան հանձնաժողովի անդամ են։

Հ.Գ. Հարգելի գործընկերներ հասցեատերերին ուղարկվել է շտկված տարբերակը, ինչպես նաև իմ անձնական նամակը:

Նամակին արձագանքի մասին կտեղեկացնեմ հաջորդիվ։ Թեմայի մասին բարձրաձայնելու եմ ամերիկյան գործընկերների հետ շփումներում»։

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը (ANCA) գրել է, որ մշտապես աշխատում է այնպես անել, որ ամերիկյան սպառազինությունները «չընկնեն Հայաստանի/Արցախի թշնամիների ձեռքը» և տեղեկացրել է, որ հետաքննելու է ԱՄՆ-ի կողմից Բաքվին Bell-412 ուղղաթիռների վաճառքի հարցը։

1992թ․ ԱՄՆ Կոնգրեսն ընդունել էր 907 ուղղումը, որն արգելում էր Ադրբեջանին զենքի և ռազմական նշանակության արտադրանքի վաճառքը։