Թանկյանը մտադիր է Թավշյա հեղափոխության մասին ֆիլմ նկարահանել

Ամերիկահայ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար, ակտիվիստ Սերժ Թանկյանը, որը գտնվում է Հայաստանում, այսօր այցելել է մշակույթի նախարարություն և գերատեսչության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ քննարկել ծրագրեր և առաջարկություններ։

«Երկու ամիս առաջ ես անգամ չէի կարող պատկերացնել, որ այսօր, այս սենյակում Ձեզ հետ միասին մշակութային ծրագրեր կարող ենք քննարկել: Չափազանց ուրախ եմ դրա համար և ուզում եմ հարցնել՝ ի՞նչ ծրագրեր ունեք Հայաստանում»,- Սերժ Թանկյանի հետ հանդիպմանն ասել է մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

««Creative Armenia» մշակութային հիմնադրամի հետ մի քանի ֆիլմի գաղափար ունենք, որոնցից մեկը՝ իմ ֆիլմը, նվիրված կլինի Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը: Վաղուց խմորվում է Հայաստանում միջազգային երաժշտական փառատոն հիմնելու գաղափարը: 2017-ին այստեղ հանդիպեցի մի քանի երիտասարդների, որոնք մշակույթի նախկին նախարարի հետ պրոֆեսիոնալ ձայնագրման ստուդիա ստեղծելու պայմանավորվածություն էին ձեռք բերել: Ես կարծում եմ, որ այդ ծրագրին պետք է ընթացք տալ, որովհետև նվագախմբի համար նախատեսված պրոֆեսիոնալ ձայնագրման ստուդիան, մասնավորապես կինոարտադրության զարգացման տեսանկյունից, Հայաստանում այսօր անհրաժեշտություն է: Ինքս պատրաստ եմ օժանդակել այդ հարցում»,- ասել է Թանկյանը։

Լիլիթ Մակունցը նշել է, որ «Creative Armenia» մշակութային հիմնադրամի հետ մշակույթի նախարարության համագործակցության առաջնային ուղղություններից մեկը հենց ստեղծարար արդյունաբերության զարգացումն է, որպեսզի մշակույթը նաև տնտեսության զարգացման գործոն հանդիսանա: Նախարարը հավելել է, որ անկնալում է ինչպես Սերժ Թանկյանի, այնպես էլ «Creative Armenia» հիմնադրամի անդամ հանդիսացող սփյուռքահայ այլ հայտնի արվեստագետների աջակցությունը՝ հայ տաղանդներին հայտնաբերելու և նրանց համաշխարհային հարթակում ներկայացնելու գործում:

«Համոզված եմ, որ այս նոր գաղափարներով, բաց մտքով, սրտով, ազնիվ ու անկեղծ մտադրություններով մենք շատ մեծ նվաճումների ենք հասնելու»,- ասել է Մակունցը՝ Սերժ Թանկյանին հրավիրելով հուլիսի 7-ին կայանալիք «Գորիս ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2018» միջոցառման բացմանը:

Սերժ Թանկյանը խոստովանել է, որ «Հայաստանում սիրելի վայրեր շատ ունի, բայց դեռ հայրենիքը բացահայտելու ճանապարհին է»:

Մեկնաբանել