Վահան Շիրխանյանը կալանքից ազատ է արձակվել

2015-ին Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով անցնող Վահան Շիրխանյանն այսօր՝ հունիսի 25-ին, երաշխավորությամբ կալանքից ազատ արձակվեց։ Պաշտպանության նախկին փոխնախարարին կալանքից ազատ արձակելու համար երաշխավորագրեր էին ներկայացրել Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության երկու պատգամավորներ՝ Սասուն Միքայելյանն ու Հովիկ Աղազարյանը, մեղադրողը չէր առարկել։ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը որոշեց բավարարել միջնորդությունը։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Վահան Շիրխանյանը 2015-ի մայիսից կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր` նպատակ ունենալով Հայաստանում իշխանությունը յուրացնել։ Մեղադրանքի համաձայն՝ խումբը նշված գործողությունը չի հասցրել ավարտին, քանի որ բացահայտվել է 2015թ. նոյեմբերի 25-ին և վնասազերծվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Խմբի ղեկավարն Արթուր Վարդանյանն է։ Նա հայտարարել է, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Շիրխանյանը առողջական խնդիրներ ունի, քրեակատարողական հիմնարկում նա բժիշկների հսկողության տակ էր։ Նրա պաշտպանը Հայկ Ալումյանը մի քանի անգամ միջնորդել էր ամբաստանյալի խափանման միջոցը փոխել՝ առողջական վիճակի վատթարացման հիմքով, սակայն դատարանը մերժել էր։