Վաչագան Ղազարյանը ձերբակալվեց

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված քրեական գործով նույն օրը ծառայության քննիչի որոշմամբ ձերբակալվել է մինչև 2018թ.-ի մայիսի 17-ը ՀՀ ԿԱ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանը, հաղորդում է Հատուկ քննչական ծառայության կայքը։

Ղազարյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքների կատարման՝ ապօրինի հարստանալու, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու մեջ:

Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ ասված է․ «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկած օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում հունիսի 25-ին՝ Երևան քաղաքի Չարենցի փողոցի 12 հասցեում գտնվող «Յունիբանկ» ՓԲԸ-մուտքի մոտից, ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով, այն է` ապօրինի հարստանալը, ՀՀ ԱԱԾ-ը վարչական շենք բերման ենթարկեց ԱԱԾ կադրային ռեզերվում գտնվող գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանին»: