Եթե ազատության մեջ լինեմ, առաջինը երկնքին եմ նայելու․ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյան

Համակուրսեցու սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանը 22 տարի պայքարում է իր գործի վերաբացման համար։ Նա երեք անգամ վիճարկել է գործը դատական կարգով, իսկ երկու անգամ փախուստի դիմել։ ՍիվիլՆեթը զրուցել է Ենոքյանի հետ նրա պայքարի, ուսումնառության, աշխատանքի և Հայաստանում մայիսին տեղի ունեցած «Թավշյա հեղափոխության» մասին։

20 տարեկանում` 1996 թ-ին Մհեր Ենոքյանը դատապարտվել է մահապատժի` մեղադրվելով համակուրսեցու՝ Իոսիֆ Աղաջանյանի սպանության համար: Գործով մյուս մեղադրյալ Արամ Հարությույանը դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման։ 2003 թ-ի մահապատժի դատապարտված 41 անձանց, այդ թվում՝ Մհեր Ենոքյանի պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: Ենոքյանը երկու անգամ փախուստի է դիմել, երեք անգամ բողոքարկել իր գործով դատավճիռը՝ պահանջելով վերաբացել այն, սակայն մերժում է ստացել։

Միացյալ նահանգների դատարանները յուրաքանչյուր տարի վերաբացում են ցմահ բանտարկյալների գործերն ու երբեմն արդարացման վճիռներ կայացնում։ Հայաստանում նման նախադեպ չի արձանագրվել։ Մհեր Ենոքյանը պայքարում է այս կարծրատիպի վերացման համար։