Ադրբեջանի ռազմական ծախսերը 2003-ից ի վեր աճել են 15 անգամ․ Ալիև

Զինված ուժերի կառուցումը երկրի ամենագերակա խնդիրն է․ Ադրբեջանի ռազմական ծախսերը 2003-ից ի վեր աճել են 15 անգամ․ այս մասին այսօր Ադրբեջանի զինված ուժերի 100-ամյակին նվիրված զորահանդեսին հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը։

Նրա խոսքով՝ ադրբեջանական բանակը զինված է ամենաարդիական սպառազինություններով, զարգանում է ռազմարդյունաբերությունը։ 

«Մենք զինվում ենք, քանի որ միջազգային նորմերը չեն կատարվում, վճռորոշ գործոնը ուժի գործոնն է, այլ ոչ թե իրավունքի։ Մենք կշարունակենք նոր զենք գնել և այդ առումով ունենք հստակ պայմանավորվածություններ գործընկեր երկրների հետ»,- ասել է Ալիևը։ 

Նա խոսել է նաև «Նախիջևանում անցկացրած օպերացիայի և նշանակալի տարածք ազատագրելու մասին»։ Ալիևի պնդմամբ՝ Ադրբեջանում գրավված են ռազմավարական բարձունքներ, և իր երկիրը «վերահսկում է հակառակորդի ռազմավարական տրանսպորտային ուղիները»։

Երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի թիվս բազմաթիվ այլ հարցերի՝ պատասխանել է նաև Նախիջևանում տիրող իրավիճակի մասին հարցին։

«Որոշակի դիրքերի շարժ է տեղի ունեցել: Եվ ասեմ՝ այն, որ Ադրբեջանը հայտարարում է, որ Երևան-Լաչին ավտոճանապարհը նշանառության տակ է առել, նրանք, ովքեր տեղյակ չեն, ասեմ, որ 1992-1993 թվականից այդ ճանապարհը նշանառության տակ է, և ճանապարհի վրա ազդեցության առումով ոչ մի փոփոխություն բացարձակապես տեղի չի ունեցել»,- ասել է Փաշինյանը և հերքել Նախիջևանի հետ սահմանին՝ Արենի գյուղի ուղղությյամբ, Ադրբեջանի կողմից կարևոր բարձունք գրավելու մասին խոսակցությունները։