Կարեն Կարապետյանը լքում է ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնը

Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը լքելու է Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալի պաշտոնը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս լուրը հաստատել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, հաղորդում է «Արմենպրես»-ը:

«Ես այդ որոշումը շատ նորմալ եմ գնահատում: Կարեն Կարապետյանը հասուն քաղաքական գործիչ է, ինքն է որոշում` լինել առաջին տեղակալ, թե չլինել: Ես հարգանքով եմ վերաբերում Կարեն Կարապետյանի որոշմանը»,- ասել է Շարմազանովը:

Հարցին, թե ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնում ո՞վ է փոխարինելու Կարեն Կարապետյանին, Շարմազանովը պատասխանեց, որ ՀՀԿ խորհուրդն է իրավասու ընտրել կուսակցության նախագահին և առաջին տեղակալին:

«Այդ հարցը կորոշվի ՀՀԿ խորհրդի նիստում: Որևէ արտառոց բան չեմ տեսնում»,­ նշել է Շարմազանովը:

Մեկնաբանել