Արմեն Սարգսյանը Փարիզում հանդիպել է ֆրանսիական խոշոր ձեռնարկությունների ղեկավարների

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-25-ին Փարիզ կատարած այցի շրջանակում հանդիպել է ֆրանսիական երկու տասնյակից ավելի խոշոր ձեռնարկությունների, որոնց թվում՝ Dassault systemes-ի, Channel-ի, Crédit Agricole բանկի, Aéroport de Paris-ի, Lactalis group-ի, CNIM-ի, Egis-Group-ի, Surys-ի և այլ ընկերությունների ղեկավարների հետ:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախգահի կայքը, հանդիպումներում նախագահ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը, հատկապես՝ Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական վերափոխումների, նոր իշխանությունների կողմից հավասար եւ օրինական գործարար միջավայր ձեւավորելուն ուղղված բարեփոխումների միջոցառումների լույսի ներքո: Նախագահը հաստատել է Հայաստանում օտարերկրյա ներդրումների համար անհրաժեշտ բարենպաստ պայմաններ ստեղծելու իշխանությունների պատրաստակամությունն ու հանձնառությունը:

Նա շեշտել է Հայաստանում ներդրումներ կատարելու գրավչությունը՝ Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի շուկաներ մուտք գործելու ներուժով եւ հնարավորությամբ:

Նախագահ Սարգսյանն անդրադարձել է այս տարվա հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում կայանալիք տնտեսական ֆորումին՝ հրավիրելով ձեռնարկություններին բերել իրենց գործուն եւ ակտիվ մասնակցությունը:

Մեկնաբանել