Հայաստանն Ադրբեջանին փոխանցեց ՍԾՏՀ նախագահությունը

Հայաստանը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը փոխանցեց Ադրբեջանին։ Արարողությունը տեղի ունեցավ Երևանում՝ ՀՀ արտգործնախարարության շենքում։ Երևան են ժամանել նաև Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը և տնտեսական համագործակցության գծով Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Օմեր Գյուչուկը։

Հունիսի 27-ին Երևանում կայացավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 38-րդ հանդիպումը:

Հանդիպման ընթացքում ելույթով հանդես եկավ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ իր խոսքում անդրադառնալով ՍԾՏՀԿ նախագահության ընթացքում Հայաստանի առաջնահերթություններին, իրականացված աշխատանքներին, ՍԾՏՀԿ շրջանակներում տարածաշրջանային տնտեսական և առևտրային առավել արդյունավետ համագործակցության հնարավորություններին:

Արտաքին գործերի նախարարների խորհրդի 38-րդ հանդիպման ընթացքում տեղի ունեցավ ՍԾՏՀԿ-ում նախագահության հանձնման արարողությունն Ադրբեջանին:

Հանդիպման ավարտին ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը և ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսը հանդես եկան մամուլի համար հայտարարություններով:

Կարեն Նազարյանը, մասնավորապես, ընդգծեց, որ ՍԾՏՀ-ն տնտեսական համագործակցության կառույց է, հետևաբար «անթույլատրելի են որոշ փորձերը քաղաքականացնելու կազմակերպության գործունեությունը՝ իր լիազորությունների շրջանակը գերազանցող և կանոնադրությանը հակասող քաղաքական բնույթի փաստաթղթեր ընդունելու եղանակով»։

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն իր ելույթում նույնպես անդրադարձավ ՍԾՏՀԿ-ի հարթակը «չարաշահելու և քաղաքականացնելու շարունակական փորձերին»։

«Որոշ անդամ պետությունների կողմից ՍԾՏՀԿ-ի հարթակը չարաշահելու և քաղաքականացնելու շարունակական փորձերը բացասաբար են ազդում ոչ միայն տարածաշրջանում բազմակողմ տնտեսական համագործակցության, այլև Կազմակերպության առանցքային հիմքերի վրա։ Նման փորձերը խարխլում են ՍԾՏՀԿ` որպես տարածաշրջանային տնտեսական արդյունավետ կազմակերպության նկատմամբ վստահությունը։ Մենք պետք է վճռականորեն կանխենք այդպիսի վտանգավոր միտումները, այդ թվում՝ ՍԾՏՀԿ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում, որը պետք է աջակցի կազմակերպության առանցքային նպատակների իրականացմանը՝ ՍԾՏՀԿ-ի մնացած կառույցներից անկախ զուգահեռ գործունեությամբ զբաղվելու փոխարեն։ Բացի այդ, բաց սահմանները, ապաքաղաքականացված, անկաշկանդ, ազատ և ընդգրկուն տարածաշրջանային համագործակցությունը, որպես այս կազմակերպության առանցքային նպատակներ, նույնպես կարևոր պայմաններ են տարածաշրջանում կայունության և խաղաղության խթանման համար։

ՍԾՏՀ-ի շրջանակներում տնտեսական համագործակցությունն ավելի կշահի տարածաշրջանային այլ կազմակերպությունների ու ինտեգրացիոն հարթակների հետ փոխգործակցությունից։ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, որը տալիս է մաքսային ազատ մուտքի հնարավորություն դեպի ավելի քան 180 միլիոն սպառող ունեցող շուկա։ Հայաստանն ունի նաև ամուր և ընդլայնվող համագործակցային հարաբերություններ Եվրոպական միություն հետ, որի իրավական հիմքը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է։ Այս տարվա հոկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովը։ Գագաթաժողովի շրջանակներում հյուրընկալելու ենք նաև Ֆրանկոֆոն գործարար ֆորումը, որն ամուր հարթակ կդառնա աշխարհի 80 երկրներից ժամանած տարածաշրջանային ու համաշխարհային բիզնես դերակատարների, կառավարական և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար։ Անշուշտ, մենք ակնկալում ենք նաև ՍԾՏՀԿ մեր գործընկերների և նրանց գործարար շրջանակների մասնակցությունն այս ֆորումին»,- ասաց նա։

***

1992թ. հունիսի 25-ին Ստամբուլում հրավիրվել էր գագաթաժողով, որի արդյունքում Սևծովյան տարածաշրջանի 11 երկրների (Ալբանիա, Հայաստան, Ադրբեջան, Բուլղարիա, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստան, Թուրքիա, Ուկրաինա) ղեկավարները (պետությունների կամ կառավարությունների մակարդակով) հռչակագիր էին ստորագրել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հիմնադրման մասին: Սերբիան՝ որպես անդամ, կազմակերպությանը միացել է 2004թ.:

ՍԾՏՀ անդամ-երկրների արտգործնախարարների խորհրդի՝ 1994թ. մարտի 10-ին ընդունված որոշմամբ՝ Ստամբուլում հիմնադրվել է ՍԾՏՀ Մշտական միջազգային քարտուղարությունը:

2001թ. օգոստոսից Ստամբուլում գործում է ՍԾՏՀ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը՝ իր ողջ անձնակազմով:

Կարդացեք նաև՝ Էրդողանին դուր չի եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի պատասխանն Ադրբեջանին

Մեկնաբանել