Երբեք այսքան հպարտ չեմ եղել, որ հայ եմ․ Ալեքսիս Օհանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին:
Վարչապետը ողջունել է Օհանյանի այցը Հայաստան և նշել, որ ուրախ է նրա ու սփյուռքահայ մեր մյուս հայրենակիցների արձանագրած յուրաքանչյուր հաջողության համար: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայության ներուժի իրացումը՝ ի նպաստ Հայաստանի զարգացման ու բարօրության:

Ալեքսիս Օհանյանը ներկայացրել է իր տպավորությունները հայրենիքից և Նիկոլ Փաշինյանի գլխավորած նոր կառավարությանը մաղթել արդյունավետ աշխատանք ու հաջողություններ: Նշելով, որ սա իր 6-րդ այցն է հայրենիք՝ Օհանյանը հավելել է, որ ուրախ կլինի նպաստել Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը:
Այդ համատեքստում, զրուցակիցները քննարկել են ՏՏ ոլորտում համագործակցությանը և Ալեքսիս Օհանյանի կողմից Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորություններին վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում արած գրառման մեջ մեջբերել է Օհանյանի խոսքերն այն մասին, որ «երբեք այսքան հպարտ չի եղել, որ հայ է»։