Ինչպես խեղդել կոռուպցիան․ վեց քայլ

Հայաստանում յուրաքանչյուր 5-րդ հարցվածն ասել է, որ պետական ութ հաստատություններից առնվազն մեկին կաշառք է տվել, ըստ «Թրանսփարենսի ինթերնեշնլի» անցկացրած հարցման  Առհասարակ, որքանո՞վ է կոռուպցիան խոչընդոտում տնտեսական աճը, կա՞ արդյոք որևէ կորելյացիա կոռուպցիայի ու տնտեսական աճի միջև։ Արդյոք կոռուպցիան ժողովրդի մշակույթի մա՞ս է։ Հնարավո՞ր է արդյոք խեղդել կոռուպցիան։

Գերմանացի տնտեսագետ, պրոֆեսոր Յոհան Լամբսդորֆի (Johann Lambsdorff) հաշվարկները փաստում են՝ կոռուպցիայի 1 կետով ավելացումը տնտեսության մեջ (0-10 միավոր սանդղակով չափելիս) նվազեցնում է արտադրողականությունը ՀՆԱ-ի 4%-ի չափով, իսկ զուտ կապիտալի տարեկան ներհոսքը՝ 0,5%-ով։

Լամբսդորֆը հաշվարկներն իրականացրել է «Թրանսփարենսի ինթերնեշնլի» Կոռուպցիայի ընկալման համաթիվ 2001-ի ցուցանիշների հիման վրա։ Ըստ նրա՝ կոռուպցիայի բաժանումը մի քանի տարբեր բաղադրիչների ցույց է տալիս, որ արտադրողականությունը մեծապես կախված է կոռուպցիայի հետ առնչությունից ու բյուրոկրատիայի որակից։

Գրեթե աքսիոմ է՝ որքան ցածր է կոռուպցիայի ընկալման մակարդակը որևէ երկրում, այնքան բարձր է այդ երկրի բարեկեցությունը։ Եվ հակառակը, որքան մեծ է կոռուպցիան երկրում, այնքան ցածր է մեկ շնչին ընկնող եկամուտը։

Աղյուսակում ներկայացված է մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն այն երկրների համար, որոնք «Թրանսփարենսի ինթերնեշնլի» կոռուպցիայի ընկալման համաթիվ 2017-ի արդյունքներով զբաղեցրել են առաջին ու վերջին հինգ տեղերը։ Կոռուպցիայի ընկալման ամենացածր մակարդակ ունեցող հինգ երկրների մեկ շնչին ընկնող տարեկան միջին ՀՆԱ-ն 57 472 ԱՄՆ դոլար է, մինչդեռ կոռուպցիայի ընկալման ամենաբարձր մակարդակ ունեցող հինգ երկրների՝ մեկ շնչին ընկնող միջին եկամուտը չի գերազանցում 1000 դոլարը։

2015-2016-ին «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի անցկացրած հարցման համաձայն՝ հայաստանցիների 24%-ն ասել է, որ 8 պետական հաստատություններից առնվազն մեկին կաշառք է տվել։

2015-ին «Թրանսփարենսի ինթերնեշնլի» հրապարակած զեկույցում նշվում է, որ «զորեղ նախագահը վերահսկում է քաղաքական դաշտը, իսկ իշխող կուսակցությունն ու մեծ թվով պատգամավորներ մասնավոր հատվածի հետ սերտ կապեր ունեն», «ստուգումների բացակայությունը նշանակում է, որ նախագահը հաշվետու չէ այլ մարմինների առաջ»։

 

Զեկույցը Հայաստանի ժողովրդավարական վերափոխումը բնութագրվում էր որպես «թերի և անբավարար»։

Հայաստանը և կոռուպցիայի համաթիվը

2012-ից ի վեր Հայաստանի կոռուպցիայի համաթվի միավորը մեծ փոփոխություն չի կրել։

«Թրանսփարենսի ինթերնեշնլի» կոռուպցիայի համաթիվը տատանվում է 0-100 միջակայքում, որտեղ 0-ն բնութագրում է կոռուպցիայի բարձր մակարդակ, 100-ը՝ ցածր։

2015-ին Հայաստանում ստեղծվեց Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, որը 2004-ին եղած խորհրդի կառուցվածքային փոփոխությունների արդյունքն էր։ «Ելնելով Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության ամբողջական և արդյունավետ իրականացման համար պետական լիազորված մարմինների գործունեության համադրման և կոռուպցիայի առաջացման ու տարածման պատճառները վերացնելու անհրաժեշտությունից»․ կառավարությունն այսպես էր մեկնաբանում Խորհրդի կառուցվածքային փոփոխությունը։

Չնայած այդ փոփոխությանը, կոռուպցիայի դեմ պայքարում կառավարության նկատմամբ հանրության վստահության առումով դրական տեղաշարժ չի արձանագրվել։ «Թրանսփարենցի ինթերնեշնլի»՝ 2015-2016-ի հետազոտության արդյունքներով՝ հարցվածների միայն 14%-ն է նշել, որ կառավարության՝ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկած քայլերը լավ կամ շատ լավ են եղել (2013-ին այս թիվը 21% էր), իսկ 100 մարդուց 65-ը նշել է՝ այդ քայլերը վատ կամ շատ վատ են։

Հարցվածները կարծում են, որ կոռուպցիոն գործընթացներում ամենաշատը ներառված են պետական հաստատությունների ներկայացուցիչները․ 45%-ը նշել է, որ նրանց մեծամասնությունը կամ բոլորը ներգրավված են կոռուպցիոն գործընթացներում։

Հարցվածների կեսն ասել է, որ սովորական մարդիկ ոչինչ չեն կարող անել կոռուպցիայի դեմ պայքարում, դրան հակառակ՝ 77%-ն էլ նշել է, որ կոռուպցիայի մասին հաղորդում տալը հասարակության մեջ անընդունելի է։

Ըստ «Թրանսփարենսի ինթերնեշնլի» հետազոտության՝ ինչպես 2013-ին, այնպես էլ 2015-2016-ին խնդրահարույցը մարդկանց պատրաստակամության ցածր մակարդակն է՝ կոռուպցիայի դեմ պայքարում ներգրավվելու տեսանկյունից։

Ի դեպ, 2018-ի բյուջեի նախագծով  5,1 մլն դրամ է նախատեսվել «Կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցերով կրթական և հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված ծրագրերի մշակում և միջոցառումների իրականացում» ծրագրի գծով (2017 թվականին նշված ծրագիրը նախատեսված չի եղել):  

Կոռուպցիայի դեմ պայքարի հաջողված օրինակներ

Հայաստանի նոր կառավարությունը ակտիվ պայքար է սկսել կոռուպցիայի դեմ։ Սկանդալային կոռուպցիոն բացահայտումներն ու ձերբակալությունները դարձել են ամենօրյա լրահոսի մաս։ Որքանո՞վ են արդյունավետ կոռուպցիայի դեմ պայքարում կոշտ մեթոդները, ի՞նչ դեր ունի ինստիտուցիոնալ մեխանզիմների ներդրումը։ Դիտարկենք կոռուպցիայի դեմ պայքարում հաջողություն գրանցած մի քանի երկրների փորձ։

Սինգապուրի վարչապետ Լի Կուան Յուն, երբ 1960-ականներին նախաձեռնում էր իր բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարում ուներ հետևյալ կարգախոսը․  «Եթե ցանկանում ես հաղթել կոռուպցիան, պատրաստ եղիր բանտ ուղարկելու քո ընկերներին ու բարեկամներին»։

Կոռուպցիան վերացնելու համար Լի Կուան Յուն անհրաժեշտ էր համարում վերացնել «իշխանություն – փողեր – կոռուպցիա» արմատացած սխեման։ Այդ նպատակով ստեղծվեց հատուկ հակակոռուպցիոն ծրագիր, որը, ի շարս այլ քայլերի, նախատեսում էր․

– ստորադաս պաշտոնյաների թափանցիկության ապահովում վերադասների համար,

– պաշտոնյաների մշտական ռոտացիա, որպեսզի հնարավոր լինի խուսափել կոռուպցիոն շղթաների ձևավորումից,

– անակնկալ ստուգումների իրականացում,

– բյուրոկրատական քաշքշուկների դեմ քաղաքացիների և կազմակերպությունների հետ գործակցության խորացում,

– պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացում,

– անկախ և անաչառ լրատվամիջոցների ձևավորում, որոնք կբացահայտեն և կլուսաբանեն կոռուպցիայի դեպքերը։

Սինգապուրն ընդունել է «Կոռուպցիայի կանխարգելման մասին» օրենք, որի համաձայն՝ մեղադրվողն ինքը պետք է ապացուցի, որ իր ունեցած հարստությունը ձեռք է բերել օրինական ճանապարհով։

Վրաստանի՝ 2003-ի Վարդերի հեղափոխությունից հետո կոռուպցիայի դեմ պայքարի փորձը, որն ուղղված էր հասարակական ծառայությունների ոլորտի բարելավմանը, հաջողվածներից է։

Համաշխարհային բանկը նշում է, որ այն կարող է օրինակ լինել և կիրառվել շատ երկրներում։ Վրաստանում կոռուպցիայի դեմ պայքարի գործողություններից կարելի է նշել հզոր քաղաքական կամքի առկայությունը, նոր անձնակազմի ընդունումը, սերտ համագործակցությունը, ոչ ավանդական մեթոդների ներմուծումը։ Ուշագրավ էր, օրինակ, որ պետավտոտեսչությունում կոռուպցիան արմատախիլ անելու համար նախագահ Միխեիլ Սաակաշվիլին միանգամից համակարգից հեռացրեց բոլոր 15 000 աշխատակիցներին ու սկսեց ընդունել նորերին։

Համաշխարհային բանկը նշում է, որ Վրաստանի փորձը կոտրում է այն կարծրատիպը, թե կոռուպցիան մշակույթ է, և հույս է ներշնչում այն բոլոր պետական գործիչներին, որոնք ձգտում են մաքրել հանրային ծառայությունների ոլորտը։

Այս գործողություններն իրենց ազդեցությունն ունեցան Կոռուպցիայի ընկալման համաթվում Վրաստանի դիրքի փոփոխության վրա։ Եթե Կոռուպցիայի ընկալման համաթիվ 2003-ում 133 երկրների շարքում Վրաստանն այլ երկրների հետ կիսում էր 124-րդ տեղը, ապա արդեն 2006-ին՝ 163 երկրների շարքում 99-րդ տեղում էր։

Համաշխարհային բանկի վեց խորհուրդները

Համաշխարհային բանկը, ուսումնասիրելով այն ուղիները, թե ինչպես է կոռուպցիան ազդում երկրի սոցիալական և ինստիտուցիոնալ համակարգերի վրա, առաջարկում է կոռուպցիայի դեմ պայքարի վեց հիմնական մոտեցում․

1. Հանրային ծառայողների լավ վարձատրություն․ պետական հատվածի աշխատավարձի շատ ցածր մակարդակը կարող է ստիպել աշխատողներին իրենց եկամուտները լրացնել «ոչ պաշտոնական» եղանակներով։ 2001-ին տնտեսագետներ Կարոլին Վան Ռիքեգեմի (Caroline Van Rijckeghem) և Բեատրիս Վեդերի (Beatrice Weder) էմպիրիկ հաշվարկները ցույց են տվել հակադարձ կապը հանրային ծառայության ոլորտի աշխատավարձի ու կոռուպցիայի մակարդակի միջև։

2. Կառավարության ծախսերի ոլորտում թափանցիկություն․ կառավարությունները հարկեր են հավաքում, ստանում են օտարերկրյա օգնություններ, կատարում են պետական գնումներ և այլն։ Եվ որքան թափանցիկ են իրականացվում այս գործընթացները, այնքան քիչ հնարավորություններ են մնում չարաշահումների համար։

3․ Բյուրոկրատիայի կրճատում․ բյուրոկրատիայի և կոռուպցիայի մակարդակի միջև ուղիղ կոռելյացիան ապացուցված է, օրինակ, «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի ցուցանիշներով։

4․ Ռեգրեսիվ սուբսիդիաների փոխարինում թիրախավորված կանխիկ փոխանցումներով․ սուբսիդիաները նույնպես օրինակ են այն բանի, թե ինչպես կարող է կառավարության քաղաքականությունը աղավաղել իրական խթանները և կոռուպցիայի համար հնարավորություններ ստեղծել։ Համաշխարհային բանկը խորհուրդ է տալիս թանկ, ռեգրեսիվ սուբսիդիաները փոխարինել նպատակային դրամական փոխանցումներով:

5․ Միջազգային կոնվենցիաների ստեղծում․ գլոբալացված տնտեսության մեջ կոռուպցիան աստիճանաբար դուրս է գալիս երկրի սահմաններից, հետևաբար կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային իրավական դաշտը նույնպես կարևոր է։

6․ Խելացի տեխնոլոգիաների ներդրում․ քանզի անմիջական շփումները պետական պաշտոնյաների և քաղաքացիների միջև կարող են ճանապարհ բացել անօրինական գործարքների համար։

***

Ի՞նչ հաջողություն կունենա Հայաստանը Թավշյա հեղափոխությունից հետո սկսված կոռուպցիայի դեմ պայքարում։ Որքանո՞վ կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքական կամքին զուգահեռ կամրապնդվեն ինստիտուցիոնալ մեխանիզմները։ Ակնհայտ է, որ Կոռուպցիայի ընկալման համաթվի հաջորդ զեկույցում Հայաստանը դիրքն էապես բարելաված է լինելու։

Լիլիթ Աբովյան

Լուսանկարում՝ Երևանի Մոնումենտ թաղամասում պետական պաշտոնյաների առանձնատները