Հայաստանի նախագահը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարին

Հունիսի 29-ին Վաշինգտոնում կայացել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։ Հանդիպման լուսանկարը Ֆեյսբոուքում հրապարակել է նախագահի օգնական Գևորգ Մելիքյանը։

«Ամերիկայի Ձայն»-ի այն հարցին, թե ինչո՞ւ է Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյան «Թավշյա հեղափոխությունից» հետո իր առաջին հանդիպումն անցկացնում է նախագահ Սարգսյանի հետ, մինչդեռ, Երեւանի արտաքին քաղաքականությունն ըստ Սահմանադրության իրականացնում է վարչապետ Փաշինյանի կառավարությունը, դեսպան Միլզը պատասխանել է.

«Կարծում եմ՝ երկրի ղեկավարի համար տեղին է հնարավորություն ունենալ հանդիպել պետքարտուղարի հետ: Տեղյակ եմ, որ պետքարտուղարը շատ էր ցանկանում լսել, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում եւ խոսել այն մասին, թե ինչպես Միացյալ Նահանգները կարող է աջակցել Հայաստանին: Մասնավորապես, կարծում եմ, խոսքը եղել է առեւտրի եւ ներդրումների մասին, ինչով, որքան հասկանում եմ, նախագահին իր սահմանադրական դերում խնդրել էին զբաղվել՝ արտաքին ներդրումներ հայթայթելով եւ աշխատելով Սփյուռքի հետ»:

Դեսպանի խոսքով, Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Հայաստանի նոր կառավարությանը նոր ներդրումներ գտնելու գործում: Հիմնական աշխատանքն այս ոլորտում, Ռիչարդ Միլզի խոսքով, կառավարությունն արդեն անում է պայքարելով երկրում կոռուպցիայի դեմ եւ ստեղծելով արդար դաշտ բոլոր գործարարների համար:

«Անցած երեք տարիների ընթացքում ԱՄՆ-ի ու նաեւ Հայաստանի գործարարներից բազմիցս լսել եմ, որ երկրում գործարարության զարգացման հիմնական խոչընդոտը Հայաստանում արդար խաղի կանոնների բացակայությունն է, եւ որ համակարգը որոշ մարդկանց առավելություններ էր տալիս»:

Հայաստանի նոր կառավարության կողմից կոռուպցիայի դեմ կոշտ պայքարը, ըստ դեսպանի, ուժեղ եւ դրական ազդանշան է գործարարների համար, սակայն, տեւական փոփոխությունների համար անհրաժեշտ է ապահովել օրենքների եւ դրանք պահպանող կառույցների հզորությունը: Այս առումով Ռիչարդ Միլզը կարեւորում է նաեւ Հայաստանում ազատ եւ թափանցիկ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:

Անդրադառնալով գարնանը Հայաստանում տեղի ունեցած «Թավշյա հեղափոխությանը»՝ ԱՄՆ-ի դեսպանն ընդգծեց՝ ամենակարեւորը, որ դա հայ ժողովրդի ինքնուրույն որոշումն էր.

«Դա հայեր էին, ովքեր դուրս եկան փողոց՝ պահանջելով ավելի թափանցիկ եւ արդարացի հասարակություն: Այդ խաղաղ պահանջը շատ տպավորիչ էր: Պետք է նշեմ, որ սա լիարժեք հայ ժողովրդի քայլն էր: Կարծում եմ, այն հնարավոր եղավ նաեւ, որովհետեւ ԱՄՆ-ի եւ Հայաստանի վերջին 20 տարիների համագործակցության արդյունքում զարգացան եւ հզորացան հենց այն ձայները, որոնք աջակցում էին թափանցիկությունն ու հաշվետվությունը»:

Մեկնաբանել