Պետական ծառայողներն «անմխիթար» վիճակում են․ ինչ է պետք անել  

Ալեքսանդր Գրիգորյան, Հայաստանի ամերիկյան համալսարան

Այսօր պետական հատվածում «անմխիթար» վիճակ է՝  աշխատավարձերը ցածր են, կոռուպցիոն հնարավորությունները զրոյացած, իսկ աշխատավարձերը չեն փոխվել:

Կոռուպցիան քայքայել է Հայաստանը անկախությունից ի վեր և դրանից առաջ: Այսօր կարող ենք փաստել, որ կոռուպցիան արմատախիլ է լինում: Կոռուպցիայի նոր օջախների գոյացությունները կանխելու համար մեզ անհրաժեշտ են բարձր աշխատավարձեր պետական հատվածում: Ինչպե՞ս հասնել դրան առանց սոցիալական ցնցումների: Սա է թերևս մոտ ապագայի ամենամեծ մարտահրավերը նոր կառավարության համար:  

Երկար տարիներ մարդկանց ընկալումներում պետական հատվածի կարիերան ներառել է պետական ռեսուրսի օգտագործումը սեփական շահի համար, որը կոռուպցիայի դասական սահմանումն է: Իհարկե, բացառություններ անհատների և նույնիսկ գերատեսչությունների մակարդակով միշտ եղել են: Սակայն մեծ հաշվով, մասնավոր և պետական հատվածի աշխատավարձերի տարբերությունը ծածկվել է այդ ռեսուրսի հաշվին: Վերջինս փաստացի ավելի մեծ է եղել, քան տարբերությունը, որովհետև պետք է հաշվի առնել §բռնվելու¦ հավանակությունը և հետևաբար այդ ռիսկի դիմաց հավելավճարը: Համակարգն անընդհատ կատարելագործվել էր, և բնականաբար պահանջարկը բարձր պաշտոնների համար մեծացել էր:

Այսօր պետական հատվածում «անմխիթար» վիճակ է՝  աշխատավարձերը ցածր են, կոռուպցիոն հնարավորությունները զրոյացած, իսկ աշխատավարձերը չեն փոխվել: Պետական հատվածում զբաղվածների մոտ անորոշությունը մեծ է: Մի կողմից փոփոխությունները ազգային մակարդակում դրական և խոստումնալից են, մյուս կողմից դրանք ձևավորել են անորոշություն անձնական/ընտանեկան հարթությունում:

Հայաստանում նոր ինստիտուտների կայացումն ապահովելու համար պետական հատվածում աշխատավարձերը պետք է բարձրանան, և նույնիսկ՝ կտրուկ

Հայաստանում նոր ինստիտուտների կայացումն ապահովելու համար պետական հատվածում աշխատավարձերը պետք է բարձրանան, և նույնիսկ՝ կտրուկ: Բարձր աշխատավարձերը ենթադրում են համապատասխան արտադրողականություն, որը հնարավորություն կտա կրճատել պետական հատվածը: Ավտոպարկը պետք է հասցնել նվազագույնի, նախարարությունների թիվը կարող է լինել 7-8, մարզպետարանների աշխատակազմը պետք է լինի նվազագույն՝ համալրված պատշաճ որակի մասնագետներով: Սա ուղղակի անհրաժեշտություն է, որպեսզի պետական հատվածը զերծ պահենք կոռուպցիոն ռիսկերից: Երկարաժամկետում աշխատավարձերի ներկա մակարդակը մեզ անխուսափելիորեն կտանի հին ժամանակները, երբ կոռուպցիան գործունեության հարգված տեսակ էր գերդաստանի բարօրությունն ապահովելու համար:  

Պետական հատվածի օպտիմալացման ծրագրի մշակումը պետք է սկսել օր առաջ: Մի կողմից պետք է հստակ գծագրվի պետական հատվածի նոր աշխատակցի մասնագիտական պահանջները, մյուս կողմից պետք է առաջարկվեն մասնագիտացված ուսուցման ծրագրեր, որոնք թույլ կտան պետական հատվածից հեռացողներին աշխատանք գտնել մասնավոր հատվածում: Պետական հատվածը լքող մարդիկ կարող են ստանալ որոշակի գումար, որը թույլ կտա պահպանել կենսամակարդակը մինչև նոր աշխատանք գտնելը: Պետությունը պետք է համագործակցի կրթական հաստատությունների հետ այդ մարդկանց համար մասնագիտացված ինտենսիվ ծրագրեր անցկացնելու համար: Օրինակ, վիճակագրության վարչության միջին օղակի աշխատակիցը կարող է անցնել բիզնես վերլուծության 6-ամսյա ծրագիր և դառնալ մրցունակ մասնագետ շուկայում: Յուրաքանչյուր մասնագիտության համար կարելի է գտնել ուսուցման համապատասխան ուղղություն:

Պետական հատվածի նոր աշխատակիցը պետք է ունենա իրավագիտակցության պատշաճ մակարդակ և ընդհանրապես նոր նկարագիր: Նա պետք է լինի ազատ իր մտածողությամբ, մասնագիտական հնարավորություններով և նույնիսկ հագուկապով (կոստյում-փողկապ միայն անհրաժեշտության դեպքում): Պետական մտածելակերպը չպետք է լինի որևէ կերպ կաղապարված, այն պետք է լինի ազատ և ստեղծագործ: Պետական հատվածի աշխատավարձերը կարող են լինել 10-15 տոկոս ցածր մասնավոր հատվածից, բայց ոչ ավելի: Այդ տարբերությունը կարող է լինել այն գինը, որը պետական աշխատողը պատրաստ է զիջել իր երկրի բարգավաճման համար: Բարձրաստիճան պաշտոնյաները պետք է ստանան իրենց աշխատանքին, պատասխանատվության և ռիսկերին համապատասխան աշխատավարձեր: Օրինակ, նախարարի աշխատավարձը չի կարող լինել 3 միլիոն դրամից ցածր: Ոստիկանության աշխատողների աշխատավարձը չի կարող լինել 300 000 դրամից ցածր: Պետք է անընդհատ գործիքներ ներդնել պետական հատվածում բարձր մրցակցություն ապահովելու համար:

Նոր իշխանության վստահության ահռելի պաշարը բացառիկ ռեսուրս է պետական հատվածի բարեփոխումը հնարավորինս փոքր ցնցումներով իրականացնելու համար: