Ժաննա Գալստյանը ներողություն է խնդրել «գյալմա» բառի համար

Արցախի հերոս և Արցախի խորհրդարանի պատգամավոր Ժաննա Գալստյանը ներողություն է խնդրել «ողջ հայությանը» իր գործընկեր պատգամավորին գյալմա՝ (եկվոր) անվանելու համար:

«Ես խորապես ներողություն եմ խնդրում ողջ հայությանը «գյալմա» բառի համար, անզգուշություն եմ արել, քանի որ իմ շատ սիրած մարդիկ այդպես են ընկալել, այնինչ ես որևէ դիտավորություն չունեի տարանջատման իմաստ հաղորդելու այդ խոսքիս»,- Արցախպրեսի հետ զրույցում ասել է նա:

Հունիսի 28-ին Արցախի խորհրդարանի նիստին լեզվակռիվ էր տեղի ունեցել Արցախի ժողովրդավարական կուսակցության պատգամավոր, Արցախի հերոս Ժաննա Գալստյանի և ընդդիմադիր Ազգային վերածնունդ կուսակցության պատգամավոր Հայկ Խանումյանի միջև, որը ծնունդով Իջևանից է։ Համացանում տեղադրվել է տեսագրությունը, որտեղ Գալստյանը և Խանումյանը փոխադարձ վիրավորանքներ են տեղում։ Գալստյանը Խանումյանին անվանում է «գյալմա», որ ադրբեջաներենից թարգմանաբար նշանակում է եկվոր։ Այդ տեսագրության հրապարակումից հետո բուռն քննարկում էր սկսվել սոցանցերումմ Ժաննա Գալստյանը խիստ քննադատության էր արժանացել։

Հարցարույցում Գալստյանն ասել է, «Իմ նախնիները այժմյան Քաշաթաղի շրջանի Ղազարապատ գյուղից են: Մեր գյուղում «գյալմա» ասել են թուրքերին: Իսկ ինձնից սպասել, որ ես կարող եմ այդ խոսքի բուն իմաստով վիրավորել որևէ հայի, որ եկել է աշխարհի ցանկացած անկյունից, կհամարեի ամենամեծ անհեթեթությունն իմ մասին: Ես տասնյակ հազարավոր ընկերներ ունեմ և՛Սփյուռքից, և՛ Հայաստանի Հանրապետությունից, և՛ Արցախի Հանրապետությունից, սակայն առանձնակի ակնածանք, սեր և հպարտություն եմ տածում հատկապես այն հայերի հանդեպ, ովքեր հայրենիքի այլ հատվածներից եկել են Արցախ՝ կա՛մ պաշտպանելու այն, կա՛մ բնակվելու, կա՛մ աշխատելու այստեղ: Նրանք ինձ համար հավասարապես հայ և Արցախի Հանրապետության քաղաքացիներ են, եթե կուզեք՝ մի բան էլ ավելին, քանի որ կամովի ընտրությամբ են իրենց կյանքը կապել մեր հայրենիքի արցախյան հատվածի հետ: Երևի իմ սխալն այն բանում է, որ ես միշտ լուռ եմ մնում, և ինձ թվում է, թե բոլորն ամեն ինչ գիտեն: Մոռանում եմ, որ սերունդներ են փոխվել»։

Գալստյանը նաև նշել է, թե իր կյանքի նպատակը եղել և մնում է ազատ, անկախ, միացյալ և հզոր Հայաստանի կերտումը․ «Ես խորապես ներողություն եմ խնդրում ողջ հայությանը «գյալմա» բառի համար, անզգուշություն եմ արել, քանի որ իմ շատ սիրած մարդիկ այդպես են ընկալել, այնինչ ես որևէ դիտավորություն չունեի տարանջատման իմաստ հաղորդելու այդ խոսքիս»:

Հարցին, թե արդյոք պատրաստ է վերականգնել հարաբերությունները Հայկ Խանումյանի հետ, Գալստյանը պատասխանել է՝ իհարկե:

Մեկնաբանել