Աստղագետ Երվանդ Թերզյանը կարժանանա ՆԱՍԱ-ի բարձրագույն պարգևին

Նյու Յորքի համալսարանի Թիշ դպրոցի վաստակավոր պրոֆեսոր, աստղագետ Երվանդ Թերզյանը կստանա ՆԱՍԱ-ի` ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության բարձրագույն պարգևը՝ «Նշանակալի հանրային ծառայության համար» շքանշանը։

Ինչպես հաղորդում է Carlsaganinstitute.org կայքը, շքանշանի հանձնման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 2-ին, ՆԱՍԱ-ի՝ Հյուսթոնում գտնվող Ջոնսոնի անվան տիեզերական կենտրոնում:

«Դոկտոր Երվանդ Թերզյանն իր կյանքը նվիրաբերել է կրթությանը, հանրային ծառայությանն ու գիտական հետազոտություններին: Նա իր խանդավառությունն ուղղել է տիեզերքն ուսումնասիրելուն ու կրթությանը։ Դոկտոր Թերզյանն անջնջելի հետք է թողել է երիտասարդ ուղեղներին ոգեշնչելու ու կրթելու հարցում»,- ասված է ՆԱՍԱ-ի տեքստում:

Թերզյանն աշխատել է ՆԱՍԱ-ի ութ հանձնաժողովներում և 20 տարի ղեկավարել ՆԱՍԱ-ի՝ Նյու Յորքի տիեզերական դրամաշնորհների կոնսորցիումը, որի կազմում են 19 համալսարան և գիտական կենտրոններ: 2012 թ. ՆԱՍԱ-ի Տիեզերական դրամաշնորհային 52 նահանգների ղեկավարները Թերզյանին ընտրեցին կոնսորցիումի նախագահ:

«Տիեզերական դրամաշնորհը շատ արդյունավետ էր Նյու Յորք նահանգի ամենախելացի ուսանողների համար՝ տիեզերական ծրագրերի իրականացման գործում, նրանց թույլ տալով զարգացնել տիեզերքի նկատմամբ ունեցած իրենց հետաքրքրությունները»,- ասել է Թերզյանը։

Թերզյանը հայտնի է հեռավոր գալակտիկաների միջև ջրածնային գոտիների իր հայտնագործությամբ, որը ցույց է տալիս միջգալակտիկ տարածության մեջ անտեսանելի նյութի առկայությունը։ Նա հայտնի է նաև աստղային էվոլյուցիայի ոլորտում իր ուսումնասիրություններով։

Թերզյանը հեղինակել և համահեղինակել է ավելի քան 235 գիտական հոդված, յոթ գրքի` այդ թվում՝ «Կառլ Սագանի Տիեզերքը» (Carl Sagan’s Universe) գրքի խմբագիրն է:

Նախկինում Թերզյանը արժանացել է ՆԱՍԱ-ի «Կյանքի ընթացքում ձեռքբերման» (Lifetime Achievement Award) մրցանակին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գիտական նվաճումների համար բարձրագույն պարգևին: