Նախիջևանում իրավիճակի սրման դեպքում հնարավոր չէ թաքնվել Մինսկի խմբի ձևաչափի հետևում. Մարկեդոնով

Քաղաքագետ, կովկասագետ Սերգեյ Մարկեդոնովը telegra.ph Telegram ալիքի համար վերլուծել է իրավիճակը Նախիջևանում։ Նրա համոզմամբ՝ այս ուղղությամբ լարվածության աճի դեպքում կծագեն բազմաթիվ սուր հարցեր, հատկապես Մոսկվայի համար։

«Հայաստանը նախիջևանյան ուղղությամբ Ադրբեջանի գործողությունների մասին տեղեկացրել է ՀԱՊԿ-ին [Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն – ՍիվիլՆեթ]։ Եվ չնայած հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչները շտապեցին հանրությանը հավաստիացնել այն մասին, որ դաշնակիցների զորքերի ներգրավման անհրաժեշտություն չկա, տվյալ թեմայով ելույթն ինքնին ուշագրավ է։

2018-ի հունիսից սկսած՝ Նախիջևանը հայ-ադրբեջանական հակամարտությունում առաջին պլան է մղվել։ Ադրբեջանի այդ էքսկլավը Հայաստանի մայրաքաղաքին հարաբերականորեն մոտ է։ Այսօր պաշտոնական Բաքուն խոսում է հաջող «նախիջևանյան օպերացիայի» մասին, որի արդյունքում «ազատագրվել է հայերի կողմից նվաճված 11 հազար հեկտար տարածք»։ Այս մասին հայտարարել է Իլհամ Ալիևը։ Երևանն ասում է, որ խոսքը «ոչ ոքի չպատկանող հողի» գրավման մասին է։ Սեփական ճշմարտությունն ապացուցելու համար ՊՆ-ն անգամ մամուլի ներկայացուցիչների համար ուղևորություն է կազմակերպել դեպի սահման։

Ինչևէ, այդ ուղղությամբ իրավիճակը ռիսկային է։ Հակառակ դեպքում, ինչի՞ համար են ՀԱՊԿ-ի ծանուցումները, եթե անգամ պաշտոնական Բաքվի հայտարարությունները չափազանցված համարենք։

Ինչո՞վ է վտանգավոր լարվածության սրումը Նախիջևանում։ Ի տարբերություն Լեռնային Ղարաբաղի՝ հակամարտությունն այստեղ ծավալվելու դեպքում, ընթանալու է ոչ թե «անջատական տարածքում», ոչ թե «շփման գծում», այլ հայ-ադրբեջանական սահմանին։ Եվ հարվածի տակ կարող է ընկնել ոչ թե չճանաչված ԼՂՀ-ն, այլ ՀԱՊԿ-ի և ԵՏՄ-ի անդամ Հայաստանը։ Այդ դեպքում կծագեն բազմաթիվ սուր հարցեր։ Դա և եվրասիական ինտեգրացիոն նախագծերի մասնակիցների միասնականությունն է, և Մոսկվայի կեցվածքը։ Ստեղծվում է մի իրավիճակ, երբ ավելի ու ավելի դժվար է Բաքվի և Երևանի միջև պահպանել հավասարակշռություն և որոշակի հեռավորություն։ Էլ չասած, որ տվյալ դեպքում արդեն հակամարտությունը դժվար կլինի որակել որպես ղարաբաղյան։ Առավել ևս, որ ի տարբերություն Ղարաբաղի՝ այս ուղղությամբ չկան քիչ թե շատ մշակված խաղաղապահ մեխանիզմներ․ անհրաժեշտ է լինելու ստեղծել դրանք։

Այսպիսով, այստեղ չես կարող թաքնվել Մինսկի խմբի ձևաչափի հետևում։ Եվ Մոսկվային հենց հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ Ղարաբաղի սահմաններից դուրս, լարվածության համատեքստում անհրաժեշտ է ցուցաբերել առավելագույնս ինքնուրույն գործողություններ, ակտիվություն և Բաքվի, և Երևանի հետ բանակցություններում։ Հակառակ դեպքում խաղադրույքները կտրուկ աճում են, ինչպես և ռիսկերն ու անկանխատեսելի սցենարների հավանականությունը»։

***

Երեկ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը ճեպազրույցի ժամանակ պատասխանել է նախիջևանյան ուղղությամբ տիրող իրավիճակի մասին հարցերին։ Նրա խոսքով՝ Նախիջևանում կատարվածի մասին հայկական կողմը տեղյակ է պահել նաև ՀԱՊԿ գործընկերներին: Ինչ վերաբերում է փորձագիտական գնահատականներին, թե ՀՀ-ի և Նախիջևանի հատվածի սահմանին պետք է ՀԱՊԿ-ի զորամիավորումներ տեղակայել, Տիգրան Բալայանը նկատել է․ «Չեմ կարծում, որ ՀՀ ԶՈՒ-ն աջակցության կարիք ունի Նախիջևանի հատվածում վերահսկողությունը պահպանելու համար»:

Այսօր նույն թեմային ասուլիսի ժամանակ անդրադարձել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ այնտեղ դրությունը «ստատիկ չէ և ամեն րոպե ենթակա է փոփոխման»։

«Նախիջևանում և՛ մենք, և՛ իրենք բահով, զենքով ամեն րոպե գործ ենք անում»,- ասաց նա։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել