Հուլիսի 5, 1995. առաջին Սահմանադրությունը, առաջին Ազգային ժողովը

1995-ի այս օրը՝ հուլիսի 5-ին, համաժողովրդական հանրաքվեով (նույն օրը տեղի ունեցան Ազգային ժողովի ընտրությունները) Հայաստանը ընդունեց Մայր օրենք՝ Սահմանադրություն:

Ընդդիմությունը հայտարարեց, որ ինչպես ընտրությունների, այնպես էլ հանրաքվեի արդյունքները կեղծվել են: ԵԱՀԿ դիտորդները այդ ընտրությունները որակեցին ազատ, բայց ոչ արդար: Հիմնական քննադատությունն այն էր, որ ՀՅԴ-ն՝ օրվա հիմնական ընդդիմադիր ուժը, հնարավորություն չունեցավ մասնակցել, քանի որ կես տարի առաջ Լևոն Տեր-Պետրոսյանի ցանկությամբ կասեցվել էր ՀՅԴ-ի գործունեությունը:

1995-ի Սահմանադրության հիմնական քննադատները՝ օրվա ընդդիմությունը՝ Վազգեն Մանուկյանի ԱԺՄ-ն ու կասեցված ՀՅԴ-ն պնդում էին, որ դա «բռնապետ» Լևոն Տեր-Պետրոսյանի Սահմանադրությունն է, գրվել ու կարվել է նրա համար: 1998-ի փետրվարին, երբ «բռնապետը» իշխանության հայտնի ուժերի ճնշման տակ հրաժարական տվեց, շատերը ընդունեցին, որ Սահմանադրությունը ճգնաժամանին պահին աշխատել է:

2003-ին, կրկին Ազգային ժողովի ընտրությունների հետ միաժամանակ, տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի կողմից հավանության արժանացած սահմանադրական փոփոխությունների փաթեթը, որը չանցավ՝ ստանալով շուրջ 560 հազար կողմ և 552 հազար դեմ քվե:

Երկու տարի անց՝ 2005-ի աշնանը, Քոչարյանը և օրվա իշխանական կոալիցիան (ՀՀԿ, ՀՅԴ, Օրինաց երկիր), որոշ փոփոխություններով, կրկին հանրաքվեի դրեցին փաթեթը, որն ընդունվեց անհավատալի՝ 1.4 միլիոն կողմ և 82 հազար դեմ ձայներով: Այդ քվեարկությունը, որն անցնում էր ընտրատեղամասերում ընտրողների դատարկության պայմաններում, ստացավ «ուրվականների հանրաքվե» անունը:

2015-ի դեկտեմբերի 6-ին Սերժ Սարգսյանը իր կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի հետ կազմակերպեց Սահմանադրության նոր հանրաքվե, որպեսզի 10 տարի նախագահի պաշտոնում իշխելուց հետո երկրի ղեկին մնա որպես վարչապետ: Դա նրան հաջողվեց մասամբ: Համատարած կեղծիքներով Հայաստանին պարտադրվեց նոր Սահմանադրություն: Այս տարվա ապրիլ 17-ին Սարգսյանը, ԱԺ-ում՝ հիմնականում ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի քվեներով, ընտրվեց վարչապետ: Նա այդ պաշտոնում մնաց միայն 6 օր. Հայաստանի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը տապալեց նրան:

1995-ի հուլիսի 5-ին, կայացան անկախ Հայաստանի խորհրդարանական՝ Ազգային ժողովի առաջին ընտրությունները: Ձևավորվեց Հայաստանի առաջին գումարման Ազգային ժողովը (190 պատգամավոր` 150 մեծամասնական եւ 40 համամասնական ընտրակարգով):

Այդ ընտրությունների հիմնական դերակատարներից էր ներքգործնախարար Վանո Սիրադեղյանը, որի ստեղծած «Շամիրամ» կանանց միություն-կուսակցությունը համամասնական ընտրակարգով երկրորդ տեղը զբաղեցրեց իշխանական «Հանրապետություն» միավորումից հետո:

Ներքաղաքական կյանքում կարևոր դերակատարներից էր նաև պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, ով 1993-ի ամռանը ստեղծել էր իր քաղաքական հենարանը՝ «Երկրապահը» :

Ազգային ժողովի առաջին գումարման՝ 1995 թվականի ընտրություններին մասնակցում էին 13 ուժեր: Խորհրդարան մտան հինգը՝ «Հանրապետություն» միավորումը (ՀՀՇ, ՀՀԿ և մի քանի այլ կուսակցություններ)՝ գրեթե 43 տոկոս, կանանց «Շամիրամ» կուսակցությունը՝ 17 տոկոս, Կոմկուսը՝ 12, Վազգեն Մանուկյանի ԱԺՄ-ն՝ 7.5 և Պարույր Հայրիկայնի ԱԻՄ-ը՝ 5.5 տոկոս:

Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Բաբկեն Արարքցյանը: 1998թ. փետրվարի սկզբին Հայաստանում սկսվեց իշխանական ճգնաժամ: Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, որին հետևեց Ազգային ժողովի ղեկավարության հրաժարականը: Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Խոսրով Հարությունյանը:

ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի աշխատանքներն սկսվել են 1995թ. հուլիսի 27-ին եւ ավարտվել 1999թ. հունիսի 9-ին: Գումարվել են 9 հերթական, 12 արտահերթ նստաշրջան, 64 հերթական, 14 արտահերթ եւ 2 հատուկ նիստ:

Առաջին գումարման Ազգային ժողովն ընդունել է 302 օրենք, որոնցից 144-ը` «մայր», իսկ 158-ը` փոփոխություններ ու լրացումներ գործող օրենքներում: Վավերացվել է 154 միջազգային պայմանագիր: Ընդունվել է 658 որոշում, որոնցից 331-ը` նորմատիվային, 327-ը` արձանագրային:

Թաթուլ Հակոբյան

Մեկնաբանել