Հրաժարական է տվել Կապանի քաղաքապետը՝ Նիկոլ Փաշինյանի այցից հետո

Սյունիքի մարզ, այդ թվում՝ Կապան կատարած այցից հետո հրաժարական է տվել քաղաքի ՀՀԿ-ական քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը։

«Ես վաղաժամկետ վայր եմ դնում իմ լիազորությունները՝ հրաժարական եմ տալիս Կապան համայնքի ղեկավարի պաշտոնից:

Այս որոշման համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ ու խոր պատճառներ, այդուհանդերձ, չմանրամասնելով դրանք, հակիրճ ձևակերպեմ. իմ անելիքների ու պարտականությունների, ՏԻՄ լիազորությունների սահմանում համայնքի ղեկավարին տրված հնարավորությունների շրջանակում գործելու, սկսած ծրագրերն իրականացնելու, համայնքի մասին՝ իմ ունեցած տեսլականին հասնելու պատկերացումներն այլ են, այսօր մեր համայնքի բնակիչների ակնկալիքները, սպասումներն ու դրանց հասնելու ճանապարհների մասին պատկերացումները՝ այլ…

Բարի կառավարում համայնքի հաջորդ ղեկավարին՝ ի շահ իմ սիրելի Կապանի, սրտացավություն, հանդուրժողականություն ու սեր և հարգանք հարազատ համայնքի հանդեպ՝ իմ համաքաղաքացիներին»,- գրել է Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում։

Երեկ Կապանում վարչապետի հետ հանդիպմանը տեղացիները սուլոցներով էին դիմավորել ՀՀԿ-ական քաղաքապետին: Ազատության փոխանցմամբ՝ քաղաքացիները վանկարկել են՝ «Դուք ՀՀԿ-ի դրածոն եք», «Ձեր ռեժիմը անցյալում է»:

Մեկնաբանել