Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը և եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, կալանավորվել են։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը Ֆեյսբուքի իր էջում առած գրառումներով։
«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա նոր մեղադրանք է առաջադրվել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին եւ նրա եղբորը՝ Գոռ Համբարձումյանին։
Մասնավորապես՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, ՝ Գոռ Համբարձումյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:
Քննիչը միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ Դատարանը բավարարել է քաղաքապետին կալանավորելու միջնորդությունը, Գ.Համբարձումյանի վերաբերյալ միջնորդությունը քննարկման փուլում է»,- գրել է Տռուզյանը։
Մեկ այլ գրառմամբ Տռուզյանը տեղեկացնում է, որ դատարանը բավարարել է նաև Մասիսի քաղաքապետի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին միջնորդությունը։
Համբարձումյանների փաստաբան Տիգրան Աթանեսյանը Ֆեյսբուքում գրել է, որ երկու եղբայրներին կալանավորել են իրենց հոր ծննդյան օրը․ «Նման բան Վանոն իրեն թույլ չէր տա փողոցային նարկոմանների հանդեպ։ Բայց դե հիմա իրավիճակ ա փոխվել…»։
Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը կայացրել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը:
«Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կալանավորեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին։ Ցավոք ոչինչ չի կարող փոխել այդ դատավորին, դե նոր իշխանություններին է երևի ուզում սիրաշահել, մարդ ես, կարողա 7֊ի գործը մոռանան, վարչապետը մոռանա, թե ովա իրան դատել…»,- գրել է Տիգրան Աթանեսյանը։
Մասիսի քաղաքապետը մեղադրվում է Թավշյա հեղափոխության օրերին խմբով խաղաղ ցուցարարների վրա հարձակում և բռնություն իրականացնելու համար։