«Ընտրությունը Հայաստանինն է»․ Մամեդյարովը՝ Մնացականյանի հետ առաջիկա հանդիպման մասին

«Առաջիկա հանդիպումը ցույց կտա, թե արդյոք Հայաստանը վերջապես պատրաստ է խաղալ կառուցողական դեր հակամարտության կարգավորման գործում»․ այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը։ Այսօր Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Զոհրաբ Մնացականյան-Էլմար Մամեդյարով հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին Բրյուսելում։

Մամեդյարովի խոսքով՝ Հայաստանի ղեկավարությունը «պետք է հասկանա, որ հակամարտության կարգավորումը կարող է հնարավորություններ ստեղծել տարածաշրջանային համագործակցության համար, որի անհրաժեշտությունն ամենաշատը հայերն ունեն, և կայուն խաղաղություն հաստատել տարածաշրջանում»։

Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը պատմել է, որ 2018-ի սկզբին կայացված պայմանավորվածության համաձայն՝ Հայաստանում և Ադրբեջանում ընտրություններից հետո պետք է շարունակվեին «ինտենսիվ բանակցությունները՝ առկա օրակարգի շրջանակում»։ Մամեդյարովի որակմամբ՝ Հայաստանում տեղի է ունեցել «անխուսափելի քաղաքական ճգնաժամ»։

«Ուշադիր և զուսպ հետևելով հայաստանյան քաղաքական գործընթացներին՝ ադրբեջանական կողմը հայտարարել է, որ եթե Հայաստանում իշխանության եկած նոր ուժերը վարեն ողջամիտ քաղաքականություն, հակամարտության կարգավորման գործընթացում կարելի է տեղաշարժ գրանցել»,- ասել է Մամեդյարովը՝ հավելելով, որ Ադրբեջանի դիրքորոշումը «հստակ է, միանշանակ և վճռական»։

«Փուլային կարգավորման ճանապարհային քարտեզը բոլորին քաջ հայտնի է»,- ասել է ադրբեջանցի նախարարը՝ որպես տեղաշարժի նախապայման նշելով «օկուպացիայի փաստի վերացումը»։

Նա եզրափակել է, որ «ընտրությունը Հայաստանինն է»։

Մեկնաբանել