Մարտի 1-ի գործով Քոչարյանը որևէ մտավախություն չունի․ Սողոմոնյան

Հուլիսի 9-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հրապարակեց Հատուկ քննչական ծառայությանն ուղղված իր նամակը։

ՀՔԾ-ն, որը քննում է 2008-ի մարտի 1-ի գործը, հարցաքննության է հրավիրել նաև Քոչարյանին։ Սողոմոնյանը հայտնեց, որ երկրորդ նախագահին ՀՔԾ-ն փոստով հարցաքննության մասին ծանուցում ուղարկել է հուլիսի 6-ին՝ հարցաքննության օր նշանակելով հենց նույն օրը։

«Ռոբերտ Քոչարյանը կվերադառնա Հայաստան ոչ շուտ, քան 2018թ․ հուլիսի 25-ը։ Երևան վերադառնալուց հետո նախագահ Քոչարյանը պատրաստ է պատասխանել ՀՔԾ քննիչի կողմից իրեն ուղղված հարցերին»,- նամակից մեջբերում արեց Սողոմոնյանը՝ տեղեկացնելով նաև, որ անհրաժեշտ հանգամանքների առկայության դեպքում Քոչարյանը կարող է գրավոր կամ կապի այլ միջոցների օգտագործմամբ պատասխանել քննիչի հարցերին։

Երկրորդ նախագահի գրասենյակը նաև առաջարկով է հանդես եկել ՀՔԾ-ին՝ հնարավարություն տալ իրենց հարցաքննությունը սկզբից մինչև վերջ տեսաձայնագրելու՝ անհրաժեշտության դեպքում հրապարակելու նպատակով։

Քրեական գործում այս պահին Քոչարյանը վկայի կարգավիճակով է ընդգրկված։ Սողոմոնյանն ասաց, որ այս գործով որևէ մտավախություն չունեն․ «Եթե մենք խոսում ենք օրենքի դաշտի մասին, մենք մտահոգություն չունենք, սակայն երբ հղում ենք անում հասարակական լայն զանգվածներին, անտեսում ենք ՍԴ որոշումները, Սահմանադրությունը և այլն, այդ ժամանակ՝ ոչ թե մենք մտավախություն ունենք, այլ բոլորս պետք է մտավախություն ունենանք ու հարց կառաջանա՝ մենք այսպիսի՞ երկրում ենք ուզում ապրել, թե՝ ոչ»։

Սողոմոնյանն ասում է, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործով «ակնհայտ փաստեր անտեսվել են», ըստ նրա՝ «պարզապես հարմարեցում է տեղի ունեցել այն քաղաքական նպատակներին, որ փաստահավաք խումբը հետապնդել է»։

Նա շեշտում է՝ օրենքի դաշտում խոսելիս Քոչարյանը ոչինչ չունի անհանգստանալու․ «Բառերը, որոնք բացարձակապես օրինականություն են հաղորդում Ռոբերտ Քոչարյանի գործողություններին, պարզապես բաց են թողնվում։ Հատվածական սահմանադրական ընթերցում է տեղի ունեցել»:

Սողոմոնյանը վստահ է, որ այն ուղին, որով գնում է հետաքննությունը, որևէ կապ չունի Հայաստանի Սահամանադրության և օրենսդրության հետ․ եղել են «հստակ քաղաքական դրդապատաճռներ», փաստահավաք խումբը «ուղղորդվել է քաղաքական իրավիճակով»։

«2008-ի մարտին Հայաստանում եղել է արտակարգ դրություն, և զինված ուժերը ապահովել են ՀՀ անվտանգությունը»,- ասել է Սողոմոնյանը։

Քոչարյանի դեմ ստեղծված իրավիճակը նրա գրասենյակի ղեկավարը համեմատում է «զանգվածային հիպնոսի» հետ․ «Բուլգակովի մոտ այսպիսի երևույթ է նկարագրված՝ «մասսայական հիպնոս», հիմա երևի թե հաջողվել է ինչ-որ մարդկանց, կոնկրետ չեմ ուզում մեղադրանքներ հնչեցնել, հաջողվել է «գաղափարական ամայության» պայմաններում բերել, աղճատել ու գալ սխալ եզրակացությունների»։

Սողոմոնյանը պնդում է, որ նույն տրամաբանությունը վերաբերում է նաև հոկտեմբերի 27-ի գործին և Ռոբերտ Քոչարյանի ահռելի ունեցվածքներին, որոնք, ըստ խոսնակի, իրականությանը չեն համապատասխանում։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել