Բանկը, որի բացմանը ներկա էր նախարարը, արտոնագիր չունի

Կենտրոնական բանկն ուսումնասիրում է հայկական բանկային շուկա մուտք գործած շվեյցարական Swissquote բանկի օրինականությունը։ Այս մասին դեռ հուլիսի 6-ին հաղորդել էր Հայաստանի Կենտրոնական բանկը։ Դրանից ընդամենը երեք օր առաջ լրատվամիջոցները հաղորդում էին, որ շվեյցարական այս բանկը մուտք է գործել Հայաստանի բանկային շուկա։ Այս բանկի գործոււնության մեկնարկի շնորհանդեսին ներկա էր նաև տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը։

Կենտրոնական բանկը, սակայն, հայտարարում է՝ այս բանկը Հայաստանում գործունեության արտոնագիր չունի։ ԿԲ իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանի խոսքով՝ Swissquote բանկը ո՛չ դուստր բանկ է, ո՛չ մասնաճյուղ։ «Մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ այդ բանկը Շվեյցարիայում գրանցված է որպես առցանց բանկ ու գործունեություն է իրականացնում առցանց տիրույթում»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Ավետիքյանը՝ նշելով, որ ավելի շատ այս բանկի միջոցով ֆորեքս գործարքներ են եղել։ Swissquote բանկը Հայաստանում իր գործունեությունն իրականացնելու է Financial Trading House կամ որ նույնն է՝ «Ռոբերտ և ընկերներ» ՍՊԸ միջոցով։

Swissquote բանկը Հայաստանում լիցենզավորված չէ, իրավասու չէ գործունեություն իրականացնել,- ասում է Ավետիքյանը։«Այնքան ժամանակ, քանի դեռ Swissquote բանկը Հայաստանում լիցենզավորված չէ, այն իրավասու չէ Հայաստանում նման գործունեություն իրականացնել»,- ասում է Ավետիքյանը։

Իսկ ի՞նչ է լինում այն քաղաքացիների, հետ, ովքեր միջոցներ են ի պահ տվել այս բանկին։ Ավետիքյանն ասում է՝ Կենտրոնական բանկը միջնորդ կազմակերպությանը ստուգումներ անելու իրավասությամբ օժտված չէ. «Դժվարանում եմ ասել՝ մարդիկ եղել են, որ այնտեղ ավանդներ են ունեցել։ Անցյալ շաբաթ «Դատալեքս» համակարգում մի դատավճիռ տեսա, ըստ որի, մի քաղաքացի 1000 դոլար է տված եղել այս կազմակերպությանը ու այն չի վերադարձվել, բայց դատարանի վճռով պարտավորվել է վերադարձնել»,- պատմեց ԿԲ իրավաբանական վարչության պետը։

Այսօր Կենտրոնական բանկը նաև հաղորդագրություն է տարածել, որ միջնորդ կազմակերպությունը որևէ իրավասություն չունի ներկայացնելու Swissquote բանկը, նաև նշել, որ այս միջնորդ կազմակերպության հետ ցանկացած գործարք, ամենայն հավանականությամբ, անօրինական է։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել