Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը ասել է, որ Հանրապետականը շարունակելու է իր ներգրավումը ինչպես ԵԺԿ, այնպես էլ բազմակողմ և երկկողմ այլ բոլոր միջազգային ձևաչափերում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն ընդունեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Թոմաս Շրապելին:
Ողջունելով հյուրին՝ Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ Գերմանիայի կուսակցական հիմնադրամները կարևոր դերակատարություն են ունեցել ոչ միայն Գերմանիայում, այլև Եվրոպայի տարբեր երկրներում, հատկապես՝ ժողովրդավարական քաղաքական համակարգերի կայացմանը նպաստելու գործում:
Նա վստահություն հայտնեց, որ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի փորձը նաև օգտակար կլինի Հայաստանի Հանրապետական կուսակցության համար: Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ Հանրապետականը շարունակելու է իր ներգրավումը ինչպես ԵԺԿ, այդպես էլ բազմակողմ և երկկողմ այլ բոլոր միջազգային ձևաչափերում:
Նա նաև կարևորեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի և Հանրապետականի համատեղ ուժերով մշակվող ՀՀԿ բարեփոխումների ծրագիրը»: