«Գյուղն ու գյուղացին չորանում են»․ Եղեգիսի բնակիչները բողոքում են ՀԷԿ-երի դեմ

Եղեգիս խոշորացված համայնքում հիդրոէլեկտրակայանների (ՀԷԿ) կառուցումը հարուցել է գյուղացիների դժգոհությունը․ նրանք շրջափակված են պահում գյուղապետարանը։

Եղեգիսի բնակիչները արդեն մեկ ամիս և 6 օր է՝ շրջափակման մեջ են պահում գյուղապետարանը և պահանջում են համայնքապետ Արթուր Ստեփանյանի հրաժարականը։ ՍիվիլՆեթի հետ զրույցում այս մասին հայտնեց «Գեղաստղ» ծրագրի կազմակերպչական գծով տնօրեն, ակցիաների համակարգող Տիգրան Եղոյանը: Վերջինս տեղեկացրեց, որ այս պահին շուրջ 200 անձ շրջափակել է համայնքապետարանը։

Նա մանրամասնեց, որ գյուղացիները դժգոհում են ՀԷԿ-երի գործունեությունից։ «Եղեգիս կիրճում 33կմ վրա կա 19 գործող ՀԷԿ, 4 ՀԷԿ-եր նոր է կառուցվում, ու փորձում են գետի հունը փոխել, մենք դա թույլ չենք տա»,- ասաց զրուցակիցը։

ՀԷԿ-երի կառուցման արդյունքում գետը ցամաքել է, գյուղացիները համայնքապետից պահանջել են, որ ներկայացնի ՀԷԿ-երի թույլտվությունները, սակայն դա չի արվել, բացի այդ, ՀԷԿ-երի կառուցման հարցով հանրային լսումներ չեն եղել, ըստ Եղոյանի, չկան նաև շրջակա միջավայրի աղտոտվածության ստուգման վերաբերյալ փաստաթղթեր։

Հարցադրմանը, թե ինչու չեն դիմում կառավարությանը՝ հաշվի առնելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ կոչ է արել նմանաբնույթ հարցերը լուծել կառավարության հետ երկխոսելով, ոչ թե փողոցներ փակելով, Եղոյանը պատասխանեց․ «Ես ուզում եմ հիշեցնել Փաշինյանին, որ եթե գյուղն ու գյուղացին չորանում են, այդ մասին խոսելն ավելորդ է»։

ՍիվիլՆեթի զրուցակիցը նաև տեղեկացրեց, որ վերջերս Եղեգիս է այցելել տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը և խոստացել է «երկու-երեք օրում» լուծել խնդիրը, սակայն դա այդպես էլ տեղի չի ունեցել։

Հարցին, թե նախկին իշխանության կառավարման տարիներին նո՞ւյնպես պայքարել են ՀԷԿ-երի կառուցման դեմ, Եղոյանը պատասխանեց․ «Երեք տարի առաջ ես անընդմեջ պայքարել եմ, որի հետևանքով ես ձերբակալվել եմ ու իմ նկատմամբ իրականացվել է մահափորձ, ժողովուրդը նույնպես պայքարել է»։

Տիգրան Եղոյանը հայտնեց, որ այսօր երեկոյան ավտոերթ են իրականացնելու ՀԷԿ-երի կողքով։

ՍիվիլՆեթը փորձեց կապ հաստատել համայնքապետ Արթուր Ստեփանյանի հետ, սակայն նրա հեռախոսահամարն անհասանելի է։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել