Հայաստանը կարող է տեխնոլոգիական կամուրջ դառնալ պայմանական Արևմուտքի ու Արևելքի միջև․ Արմեն Սարգսյան

Հայաստանը կարող է տեխնոլոգիական կամուրջ դառնալ պայմանական Արևմուտքի ու Արևելքի միջև, ստեղծել իր նոր տեխնոլոգիաները, որոնք կունենան միջազգային որակ, և դրանք տարածել եվրասիական շուկայում. ռուսաստանյան ՌԻԱ Նովոստի և Սպուտնիկ-Արմենիա լրատվական գործակալություններին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Հայաստան ներդրումներ ներգրավելու պայմանավորվածությունների վերաբերյալ հարցին ի պատասխան Արմեն Սարգսյանն ասել է, որ ներկայում Հայաստանի ընդհանուր մթնոլորտը դրական է. «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանում կատարվող փոփոխությունները շատերի կողմից դրական են ընկալվում:

«Իմ տեսլականը հետևյալն է. մենք այսօր ունենք հսկայական առավելություն, քանի որ ԵԱՏՄ անդամ ենք: Եվ երբ ասում եմ ՝ ներդրումներ կատարեք Հայաստանում, դա չի նշանակում, որ կոչ եմ անում ներդրում կատարել 3,5 մլն բնակչությամբ երկրում: Հայաստանը կարող է կամուրջ կամ անգամ դուռ դառնալ դեպի հսկայական եվրասիական տարածք, որտեղ ապրում է ավելի քան 170 մլն մարդ:

Մեր օրերում, երբ նշանակալի են ոչ այնքան բնական ռեսուրսները, որքան նոր տեխնոլոգիաներն ու մշակումները, Հայաստանը կարող է շեշտը դնել դրա վրա: Մեզանում հիմա տեխնոլոգիաները շատ լավ են զարգանում, և այդ ոլորտի շատ համաշխարհային ընկերություններ արդեն աշխատում են մեզ մոտ: Հայաստանը կարող է տեխնոլոգիական կամուրջ դառնալ պայմանական Արևմուտքի ու Արևելքի միջև, ստեղծել իր նոր տեխնոլոգիաները, որոնք կունենան միջազգային որակ, և դրանք տարածել եվրասիական շուկայում»,- նշել է ՀՀ նախագահը:

«Պատրա՞ստ է արդյոք երկիրը տասնյակ հազարավոր մարդկանց վերադարաձին, աշխատանք կա՞ նրանց համար» հարցին նախագահը պատասխանել է․ «Իսկապես, հիմա մեծ հոսք կա: Հայրենադարձների համար գրավիչ ծրագրերը կառավարության՝ գործադիր իշխանության առանձնաշնորհն են: Իմ կողմից, բնականաբար, լիակատար աջակցություն կլինի, կլինեն նախագահական նախաձեռնություններ:

Ի՞նչ քայլեր են այստեղ անհրաժեշտ՝ ներդրումային ծրագրերից բացի: Կարևորը, որ երկրում մթնոլորտը նորմալ լինի. չլինի կոռուպցիա, որ դատարանները նորմալ աշխատեն, որ մարդիկ իմանան՝ իրենց խնդիրները օրինական լուծում կստանան: Եվ հիմա արդեն շատ բան արվում է ճիշտ ուղղությամբ»:

Մեկնաբանել