Փանիկ գյուղում տեղի ունեցածը սադրանք է Հայաստանի ինքնիշխանության դեմ․ Նիկոլ Փաշինյան

Փանիկ գյուղում տեղի ունեցածը անթույլատրելի միջադեպ է, կառավարության այսօրվա նիստի սկզբում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հուլիսի 17-ին Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազան, առանց նախապես զգուշացնելու տեղի իշխանություններին և բնակիչներին, զորավարժություններ էր անցկացրել, ռազմական տեխնիկան մտցրել Փանիկ գյուղ։ Գյուղացիներն անակնկալի էին եկել և վախեցել այդ միջադեպից։

«Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ դա անթույլատրելի միջադեպ է։ Եվ դա համարում եմ սադրանք ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների և սադրանք ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության։ Կարծում եմ՝ մեղավորները պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է Փաշինյանը։

Փաշինյանը նաև նշեց, որ դեռ խնդիր կա հասկանալու, թե ինչ ընթացակարգերով պետք է հետաքննվի այս միջադեպը, որովհետև պետք է պայմանագրերի ներհայաստանյան օրենսդրության հետ հարաբերությունների հարցը պարզաբանել․ «Ամեն դեպքում ես տեղյակ եմ, որ ոստիկանությունում նյութեր նախապատրաստվում են և հույս ունեմ հետագա ընթացքը արդյունավետ կլինի»:

Մեկնաբանել