ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Հայաստանի հետագա զարգացմանը. Գուտերեշ

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ:

Ըստ հաղորդագրության՝ Գուտերեշը ընդգծել է, որ տպավորված է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությամբ, դրան հաջորդած փոփոխություններով, և շեշտել է, որ ՄԱԿ-ը պատրաստակամ է աջակցելու Հայաստանի հետագա զարգացմանը՝ երկրի համար կարևորություն ներկայացնող ասպարեզներում։

Մնացականյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ՄԱԿ-ի շրջանակներում ծավալվող բազմաբնույթ համագործակցությունը, և վերահաստատել է երկրի նոր կառավարության մեծ շահագրգռվածությունը՝ է՛լ ավելի հարստացնելու համատեղ օրակարգը:

Նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին է ներկայացրել Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները՝ նշելով, որ կառավարության առաջնահերթությունները հստակ են․ ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա իրականացնել բարեփոխումների գործընթացն արդարադատության, օրենքի գերակայության, սոցիալական և տնտեսական ոլորտում հավասար հնարավորությունների ընձեռման, կառուպցիայի դեմ պայքարի և բոլոր այն ուղղություններով, որոնք ընկած են ՀՀ կառավարության ծրագրի ու գործունեության հիմքում։

Արտահերթ ընտրությունների կամզակերպման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի համատեքստում Մնացականյանն ընդգծել է Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը՝ ընտրությունների պատշաճ կազմակերպման գործում սերտորեն համագործակցելու միջազգային գործընկերների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Զարգացման գործակալության հետ։ Գուտերեշը վերահաստատել է, որ այս առումով ևս Հայաստանը կարող է հիմնվել ՄԱԿ-ի փորձառության ու աջակցության վրա։

Արտգործնախարարը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ։

Անդրադարձ կատարելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը՝ Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը, նշելով, որ հայկական կողմի համար բանակցային գործընթացի առաջնայնություններն են Արցախի կարգավիճակը և անվտանգությունը:

Բանակցային գործընթացի առաջմղման համար նախարարը կարևորել է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորումը, զինադադարի անշեղ պահպանումն ու ագրեսիվ հռետորաբանությունից հրաժարվելը։

Մեկնաբանել