LIVE BLOG. Նիկոլ Փաշինյանի ասուլիսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում մամուլի ասուլիս է հրավիրել։ ՍիվիլՆեթը ասուլիսը լուսաբանում է ՈՒՂԻՂ տեքստային թարմացումներով և առանձնացնում վարչապետի հիմնական հայտարարությունները՝ հակադարձ ժամանակագրությամբ։

Վերին Լարսի և աբխազական երկաթուղու մասին

Լրագրողը հարցրեց, թե ինչ այլընտրանք է քննարկվում Վերին Լարսին և արդյոք հնարավոր է արդյոք աբխազական երկաթուղու գործարկումը։

«Արդեն իսկ նոր սխեմայի մասին կա գրավոր համաձայնագիր, որի կողմ չէ ՀՀ-ն։ Խոսքը՝ Վրաստան, Ռուսաստան և շվեյցարական ընկերություն համաձայնագրի մասին է։ Շվեյցարական ընկերությունը պայմանականորեն պետք է օգնի, որ վրացական և ռուսական մաքսային ծառայությունները հնարավորություն ունենան իրենց գործառույթներն իրականացնեն։ Նրանք պետք է Վրաստանի տարածքում կապարակնքնեն բեռները, Ռուսաստանի տարածքում հանեն այդ կապարակնիքները՝ վրաստանցի մաքսավորների ներկայությամբ։

Հայաստանը շատ շահագրգռված է այս նախագծով»։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին

Լրագրողը հարցրեց, թե արդյոք կոմբինատի բաժնետերերը նույնն են, ինչ հեղափոխությունից առաջ։ Նաև հարցրեց, թե արդյոք հնարավոր է, որ կոմբինատը ազգայնացվի։

Փաշինյանը նշեց, որ ամեն ինչի համար պետք է լինի իրավական հիմք։ Ասաց, որ պետք է ստուգումներ իրականացվեն։ Եթե պարզվի, որ ինչ-որ բան անելու համար իրավական հիմք կա, այն ժամանակ պարզ կլինի։

Նա նշեց՝ կոմբինատի սեփականատերերի մասին կան տարբեր լուրեր, օպերատիվ տվյալներ։ 

Ռուսաստանի՝ պատերազմը կանխելու դերի մասին

«Ես կարծում եմ՝ տարածաշրջանում կա և պատերազմի վերսկսման վտանգ միշտ առկա է եղել։ Մենք պետք է պատրաստ լինենք այդպիսի զարգացումների։ Բայց կարծում եմ՝ բոլորս էլ հասկանում ենք, որ ՌԴ-ն, որպես գերտերություն,  ունի հնարավորություն՝ թույլ չտալու պատերազմի վերսկսումը մեր տարածաշրջանում։ Եվ ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր և բարեկամ Ռուսաստանը իր լծակները չի օգտագործի՝ տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալու համար, Ադրբեջանին սադրանքներից հետ պահելու համար։ Ես չեմ կարող դրան չհավատալ։

Ինչ վերաբերում է լարվածության աստիճանին, մոտավոր շրջանակներում լարվածությունն ամեն օր մի քիչ կարող է ավելանալ, պակասել, բայց ընդհանուր ռազմաքաղաքական լարվածությունն է մեծ»։

«Մենք ամեն րոպե պետք է պատրաստ լինենք պատերազմի, ազգովի։ Սա մի թեմա է,- ասաց Փաշինյանը և շարունակեց,- Բայց մենք գիտենք, որ մեր ռազմավարական գործընկեր, մեր եղբայր և բարեկամ Ռուսաստանը ունի բոլոր լծակները՝ և՛ երկարաժամկետ, և՛ կարճաժամկետ առումով, պատերազմը թույլ չտալու։ Եվ ես չեմ կարող հավատալ, որ Ռուսաստանը այդ լծակները չի օգտագործի»

Արտահերթ ընտրությունների ժամկետի մասին

«Ընտրությունների ժամկետներն ասել ենք՝ մեկ տարվա ընթացքում, բայց դա կախված է նաև քաղաքական իրավիճակից, որովհետև, հնարավոր է, ենթադրենք մեկ ամսից այդպիսի անհրաժեշտություն առաջանա»։

Լրագրողը դիտարկում արեց, որ գնալով էյֆորիան նվազում է, և կառավարող ուժին անհրաժեշտ է շուտ անցկացնել ընտրությունները, Փաշինյանը հակադարձեց՝ ասելով, որ էյֆորիան ավելանում է։

Երևանի քաղաքապետի թեկնածուի մասին

«Անձամբ ես Տարոն Մարգարյանին չեմ հորդորել հրարաժարական տալ»,- լրագրողի հարցին ի պատասխան ասաց Փաշինյանը։

«Երևանի քաղաքապետի թեկնածուն ես չեմ առաջադրելու, այլ քաղաքական ուժը՝ քննարկումների արդյունքում»։

«Ես մասնակցում եմ Քաղաքացիական պայմանագրի նիստերին, ԵԼՔ դաշինքի քննարկումներին։ Եթե դուք դրանց մասին չեք իմանում, չի նշանակում, որ դրանք տեղի չեն ունենում»։

Օտարերկրյա ներդրումների մասին

«Կա ներդրումային մեծ հետաքրքրություն և կան կոնկրետ ծրագրեր և նախագծեր։ Բայց, նախկին փորձերը հաշվի առնելով, չեմ կարող ասել, որ մենք կունենանք այպիսի գործարան, կենտրոն․․․ Ճիշտ կլինի, երբ որ դրանք արդեն անշրջելիության կետն անցնեն, հետո դրա մասին հայտարարենք»։

«Բացառում ենք, որ Հայաստանում կլինեն արտոնյալ գործարարներ»։

«Մենք հիմա ստեղծում ենք հարթակ մեր ազգային տնտեսական ներուժի դրսևորման համար։ Մենք պետք է մարդկանց ոգևորվենք։ Մենք պետք է մարդկանց համոզենք, որ մենք միասին կարող ենք միասին բեկում ապահովել տնեսությունում։ Մենք համոզված ենք, որ մեր ժողովուրդն այդ ներուժն ունի»։

Միքայել Հարությունյանի մասին, Մարտի 1-ի զոհերի հարազատներին հանդիպելու մասին

ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով, սակայն նրա գտնվելու վայրը հայտնի չէ, և հարցաքննության ներկայանալու խնդիր կա։

«Իրավապահ մարմինները դեռ նոր են նրան մեղադրանք առաջադրել։ Ես մանրամասն տեղյակ չեմ՝ ինչ են անում նրան հայտնաբերելու համար։ Եթե անհրաժեշտ լինի հետախուզում հայտարարել, կհայտարարեն»։

«Մարտի 1-ի զոհերի հարազատների հետ կհանդիպեմ»,- ասաց Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ ինչ-որ արդյունքներ արձանագրած կլինեն արդեն։

Փաշինյանը խոսեց նաև քաղաքական հետապնդումների հնարավորության մասին․ «Ինձ համար անձնապես կլինի մեծագույն խայտառակություն, եթե ՀՀ-ում մենք ունենանք քաղբանտարկյալներ»։ 

Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման մասին

«Առաջին նախագան ասել է, որ ինձ հետ որոշ հարցեր քննարկելու ցանկություն ունի, ես հրավիրել եմ նրան կառավարական առանձնատուն՝ հյուրերի ընդունելության համար նախատեսված վայրը։ Արցախի հարցի հետ կապված ինքը ոչ թե իր տեսակետն է հայտնել, այլ փորձել է ինձ տալ տեղեկություններ, որոնք մտածել է, որ ինձ կարող է և հայտնի չեն։ Բայց ասեմ, որ նա ինձ չի ասել այնպիսի տեղեկություն, որ ինձ հայնտի չէր։ Ներքաղաքական հարցերին անդրադարձ չի եղել»։

Փաշինյանը նաև նշեց, որ Ղարաբաղի հարցով հանդիպում է եղել նաև իր, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի միջև։

Ղարաբաղի հարցի մասին

«Տարածքներ կարգավիճակի դիմաց հարցը կառավարությանը տալը տեղին չէ։ Երբ ասում ենք փոխզիջումային տարբերակ, նշանակում է՝ կա երկու կողմ։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստ չէ փոխզիջման։ Բացառվում է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման այնպիսի լուծում, որն ընդունելի չի լինի մեր ժողովրդի համար։ Չի կարող Հայաստանում լինել այնպիսի իշխանություն, որը կարող է այդպես լուծել հարցը»։ 

«Ես պատրաստ եմ բանակցել Ադրբեջանի նախագահի հետ, և բանակցելու նյութ կա։ Բանակցությունը ինքնին օգտակար է։ Պետք է որոշակի վստահության մթնոլորտ ստեղծվի, որ հարցը կարգավորվի։ Մենք պատրաստ ենք ջանքեր գործադրել, որ այդ մթնոլորտը ձևավորվի։ Բայց միաժամանակ մեզ համար անընդունելի է ռազմաշունչ հռետորաբանություն։ Արցախի հարցի կարգավորման համար անհրաժեշտ է կարգավորմանը նպաստող մթնոլորտ»։

Սուպերվարչապետության մասին

Լրագրողը հիշեցրեց, որ Հրայր Թովմասյանը սուպերվարչապետի սահմանադրություն էր կարել Սերժ Սարգսյանի համար։ Հարցին՝ ինչպես է իրեն զգում սուպերվարչապետի պատմուճանի մեջ, Փաշինյանը կատակեց՝ սազո՞ւմ ա։

«Ինչ վերաբերում է նախագահի և վարչապետի միջև բալանսավորմանը։ Ո՞վ է ասել, որ պետք է լինի նման բալանսավորում։ Դուք գիտե՞ք՝ ով է Գերմանիայի նախագահը»։ Նրա խոսքով՝ բալանսավորումը պետք է տեղի ունենա կառավարության և Ազգային ժողովի միջև։ Որևէ երկրում պետությունը չի կարող ունենալ երկու ղեկավար։ Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական համակարգ է հաստատված, և պետության ղեկավարումը դրված է վարչապետի վրա։ Բալանսավորումը պետք է տեղիո ունենա օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների միջև, չորրորդ իշխանության վերահսկողական դերը պետք է մեծանա։

Փաշինյանի կարծիքով՝ նախագահի արարողակարգային լիազորությունները ևս պետք է ընդլայնվեն։

«Այսօր իշխանության որևէ թև չունի լեգիտիության այն աստիճանը, ինչ կառավարությունը»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ սուպերվարչապետությունից քայլ առ քայլ կանցնեն վարչապետության։

Կոռուցպիայի դեմ պայքարի մասին

«Երբ ասում ենք կոռուպցիայի դեմ պայքար, դա չի վերաբերում միայն նախորդ իշխանությունների օրոք կոռուպցիոն հանցագործություններին։ Դա վերաբերում է կոռուպցիային ընդհանրապես»։

Փաշինյանը կրկին հայտարարեց, որ կոռուպցիայի դեմ պայքարում չեն խնայելու ոչ ոքի, այդ թվում, եթե խնդիրը վերաբերի իր ընտանիքի անդամներին։

Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի մասնակցության մասին

«Մենք հստակ հայտարարել ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինելու։ Այսօր ես որևէ ֆորմատի մասնակցություն չեմ ունեցել, որն աննախադեպ լինի մեր արտաքին քաղաքականության համար․․․

Հայաստանը մասնակցել է ոչ թե ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, այլ Աֆղանստանում  ՆԱՏՕ-ի շրջանակներում իրականացվող խաղաղապահ գործողություն իրականացնող երկրների համաժողովին։

Կենսաթոշակների բարձրացում լինելո՞ւ է, թե՞ ոչ

Մենք ամեն ինչ անում ենք դրա համար։ «Մեր հիմնական խնդիրն է՝ ապահովել հավասար տնտեսական դաշտ, ավելացնել պետական եկամուտները՝ պետական նպատակների համար, որոնց մեջ են նաև թոշակները, անվտանգությունը և այլն»։ Փաշինյանը նշեց, որ ամեն օր կոռուպցիոն հանցագործություններ են բացահայտվում, և գեներացվում են նոր գումարներ։ Նա նշեց, որ կարևոր է այնպիսի որոշումներ ընդունել, որոնց արդյունքում Հայաստանի պետական պարտքը չմեծանա, որն արդեն իսկ բավական մեծ է։ «Այս փուլում ամենակարևորը ախտորոշումն է, թե ինչ վիճակում է մեր երկիրը»։

«Իմ ամենասուր ընդդիմադիր ելույթներում ինձ թույլ չէի տալիս համարձակվել մտածել, որ կարող է երկրում վիճակը լինել այնպիսին, ինչպիսին այսօր է։ Որ կարող է թալանի ծավալը և մակարդակը լինել մեր բոլորի ամենավառ երևակայության սահմաններից անդին»։

Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին

«Ժողովրդավարությունը մեզ համար ոչ թե արտաքին քաղաքական կողմնորոշում է, այլ մեր հավատամքն է, մեր ժողովրդի քաղաքական արժեքների համախումբն է։ Երկար տարիներ ԵՄ-ն ասել է, որ Արևելյան գործընկերության երկրների հետ ինքը հարաբերվում է ավելին՝ ավելիի դիմաց բանաձևով․․․ Մինչ իմ Բրյուսել մեկնելը, ԵՄ-ից եղել է հայտարարություն, որ նրանք պատրասվում են աջակցել ինչ-որ ձևով։ Ես իմ տարակուսանքն եմ հայտնել, որ նրանց առաջարկած բանաձևը չի աշխատում հենց իրենց համար։ Ինձ համար զարմանալի է, որ ԵՄ-ում դեռ կան պաշտոնյաներ, որ Հայաստանում սպասում են փոփոխություններ և չեն նկատում այդ փոփոխությունները»։

Փաշինյանը նշեց, որ հանուն ֆինանսական աջակցության Հայաստանը ոչ մի բան չի անելու։ Նա ընդգծեց, որ այս կառավարությունը Հայաստանում անկախ դատական համակարգ ունենալու համար մի շաբաթում կամ նույնիսկ մի օրում արել է ավելին, քան Եվրամիության և Հայաստանի նախկին կառավարությունների համագործակցության արդյունքում արվել է՝ ծախսելով տասնյակ միլիոնավոր դոլարներ։

Կադրային քաղաքականության մասին

«Նոր կառավարությունում գործում են երեք խումբ մարդիկ՝ նոր մարդիկ, հին մարդիկ, մարդիկ, որոնք հին ժամանակներում աշխատած մարդիկ են և այժմ փոխել են իրենց կարգավիճակը։

Նոր իրավիճակում անխուսափելի է ադապտացիայի իրավիճակը բոլոր խմբերի համար, և կառավարության, իմ վարած քաղաքականության ամենակարևոր խնդիրը, որ լուծել եմ՝ կադրային քաղաքականության իմաստով, եղել է հեղափոխության անցնցում հաղթանակը արձանագրելը։ Եվ հիմա մենք պետք է հասկանանք, որ տեղի է ունենում ադապտացիայի շրջան, և սա վերաբերում է բոլորին, որտեղ լինելու են մարդիկ, ովքեր հարմարվելու են իրավիճակին, լինելու են մարդիկ, ովքեր չեն հարմարվելու։ Սա անխուսափելի է»։

Տնտեսական քաղաքականության մասին

Փաշինյանը արձագանքեց պնդումներին, որ այնքան էլ պարզ չէ, թե ինչ տնտեսական քաղաքականություն է վարում Հայաստանի կառավարությունը։

«ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության առանցքային նպատակը ներառող տնտեսական համակարգ ստեղծելն է»։ Ըստ Փաշինյանի՝ տնտեսական արդյունք ստեղծելուն պետք է հնարավորինս շատ մարդ մասնակցի։

«Մեր տնտեսական քաղաքականության հենասյուներն են կոռպուցիայի դեմ պայքարը և անկախ դատական համակարգի ստեղծմանն ուղղված ջանքերը»։