Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի՝ Վրաստանում անցկացվելիք զորավարժությանը․ Վրաստանի ՊՆ

Oգոստոսի 1-15-ը Վրաստանում կանցկացվեն «Արժանի գործընկեր – 2018» (Noble Partner-2018) զորավարժությունները, որոնց կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ, նաև՝ Հայաստանը, հաղորդում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը: Զորավարժություններին կմասնակցեն Վրաստանը, Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Լիտվան, Լեհաստանը, Նորվեգիան, Թուրքիան, Ուկրաինան, Ադրբեջանը և Հայաստանը՝ ընդհանուր առմամբ մոտ երեք հազար զինծառայող։

«Արժանի գործընկեր» զորավարժությունները Վրաստանում անցկացվում են չորրորդ անգամ:

***

2017թ․ ևս Հայաստանը մասնակցել է Վրաստանում անցկացվող՝ ՆԱՏՕ-ի Noble Partner 2017 զորավարժություններին, սակայն հրաժարվել է նույն թվականի սեպտեմբերին Վրաստանում անցկացվող մեկ այլ զորավարժության՝ Agile Spirit 2017-ին։ Հայաստանը նախապես հաստատել էր իր մասնակցությունը, սակայն, ինչպես հայտարարել է Վրաստանի ՊՆ-ն, վերջին պահին հրաժարվել է դրանից։

ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հանդես էր եկել պարզաբանմամբ։

Լուսանկարում՝ Noble Partner 2017 զորավարժություններ, Վրաստանի «Վազիանի» ռազմակայան

Մեկնաբանել