Պաշտպանության նախարարը Փանիկում հանդիպել է 102-րդ ռազմաբազայի հրամանատարի հետ

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Շիրակի մազրի Փանիկ գյուղում փակ հանդիպում է ունեցել ռուսական 102-֊րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովի հետ, հաղորդում է Ազատությունը։

Հուլիսի 17-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորները, առանց տեղացիներին նախազգուշացնելու, զորավարժություններ էին անցկացրել Փանիկում, հնչել էին կրակոցներ, պայթյուններ էին որոտացել՝ գյուղում առաջացնելով խուճապ ու վախ:

Նախարարն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ռուսական կողմը իրենց սխալն ընդունել է․ «Ներողությունը պաշտոնապես խնդրել են, և մենք արդեն հետևություններ ենք արել, որի արդյունքում լինելու է էլ ավելի համակարգված»։

Արմենպրես գործակալությունն էլ փոխանցում է, որ Տոնոյանը չի բացառել Հայաստանի և Ռուսաստանի միջև ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրի որոշ դրույթների վերանայումը: «Դրանք քարի վրա  գրված փաստաթղթեր  չեն, և ժամանակի ընթացքում առաջանում են բավականին խնդիրներ, որոնք  պահանջում են պայմանագրային իրավական փոփոխություններ: Իհարկե դա արվելու է»,- ասել է նախարարը՝  փաստելով, որ  օրերս Փանիկում տեղի ունեցած միջադեպը  կարող է խթանել որոշ փոփոխությունների կատարումը:

Ի նշան բարեկամության՝ Շիրակի մարզի Փանիկ համայնքում հուլիսի 22-ին, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանը կազմակերպել էր միջոցառում՝ զինվորական դաշտային հյուրասիրություն, համերգային ծրագիր՝ երգ ու պարով։